ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում վրա ՌԴ-ում փորձում են բարդել Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ավտոպատահարի ամբողջ մեղքը, նախօրեին հիվանդանոցից դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով։ «Հայկական ժամանակ» թերթն այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Ներկայացնում ենք հատված.

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀՀ քաղաքացուն ՌԴ դատարան են բերում կանացի ծաղկավոր խալաթով։

Մեզ համար դա անընդունելի երեւույթ է։ Իհարկե, բավական զոհեր են եղել, դա մեծ ցավ է։ Բայց մարդու ինքնասիրությունը, արժանապատվությունըոտնահարելը... դրանից դաժան հանցանք չկա։ Իմիջիայլոց, անընդհատ խոսակցություններ են գնում՝ պետությունը չարձագանքեց եւ այլն. Ես կարծում եմ մենք պետք է համբերենք մի քիչ, մինչեւ հետաքննության ավարտը, որպեսզի հասկանանք՝ խնդիրն ինչումն է, որպեսզի մեր գնահատականներն ավելի ազդու եւ հավասարակշռված լինեն։

Այսինքն այս պահին պետությունը որեւէ ձեւով չի՞ միջամտելու այդ խայտառակությանը։

Իշխանությունն այս պահին էլ է միջամտում, փորձում է նախեւառաջ գործառույթներ իրականացնել։ Համենայնդեպս, անկախ նրանից, թե հանցանքի բարդությունը ինչքան է, դա հանդուրժել չի կարելի ցանկացած քաղաքացու հանդեպ։ Մեզ համար դա բավականին կոշտ քննադատության ենթակա է...»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»: