Վրաստանը դադարեցրել է իր պայմանագիրը չինական «Bioeasy» ընկերության հետ, քանի որ ընկերությունը հետ է կանչել շուկայից իր արտադրանքը այն բանից հետո, երբ COVID-19-ի մի քանի ռապիդ թեստեր ցույց տվեցին սխալ արդյունքներ:
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն այսօր հայտարարել էր, որ թեստերի գնման պայմանագիրը դադարեցվել է նախքան գործարքի կատարումը:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում այլ ընկերությունների հետ` ռապիդ թեստեր գնելու համար», - ասել է Տիկարաձեն:
Նա ասել է, որ այն 1000 ռապիդ թեստերը, որոնք նվիրել են Չինաստանի կառավարությունը, որակյալ են և «Bioeasy» ընկերության կողմից չեն արտադրվել, ու դրանք օգտագործվում են Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարաններում:
Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 26-ից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 81 հաստատված դեպք: Պացիենտներից երկուսն օտարերկրյա քաղաքացիներ էին, որոնք այս ամսվա սկզբին լքեցին երկիրը՝ չարթերային չվերթով:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 66 հիվանդ կա, այդ թվում` մի քանի անչափահաս:
Նշենք նաեւ, որ մոտ օրերս Հայաստանը եւս ստանալու է կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ թեստեր։ Սակայն բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ռապիդ թեստերի արդյունքները հուսալի չեն համարվում, եւ այդ թեստերի արդյուքները պետք է վերստուգվեն ավելի հուսալի լաբորատոր մեթոդների, օրինակ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդի օգնությամբ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք էր հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։