«Մենք կողմ ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպմանը»,- այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուի հետ անցկացրած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Մամեդյարովը նաև նշել է, որ Ադրբեջանը օբյեկտիվ պատճառներ ունի Մինսկի խմբի աշխատանքից դժգոհ լինելու համար:
«Մենք շատ ուրախ կլինեինք, որ այս երկրի միջնորդության անցած տարիներին որևէ առաջընթաց արձանագրված լիներ և բնականաբար մենք դժգոհ ենք համանախագահների աշխատանքից»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդությանը Մամեդյարովը նշել է, որ ողջունում է յուրաքանչյուր պետության կողմից ստացված առաջարկները: Մամեդյարովը կրկին չի մոռացել նշել իրենց նախապայմանի մասին և մասնավորապես նշել է.«Մենք կցանկանայինք, որպեսզի հակամարտության կարգավորումը սկսվեր Ադրբեջանի «բռնազավթած» տարածքներից հայկական զորքերի դուրս բերումից»:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով հասցրել է արդեն հանդիպում անցկացնել ոչ միայն Ադրբեջանի ԱԳ նախարարի, այլ նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ: