Կորոնավիրուսի ախտանիշների ընդհանուր ցանկում հայտնվել է ևս մեկը, որը գրանցվել է ԱՄՆ-ի բժիշկների կողմից, գրում է Vesti-ին:


Կալիֆոռնիայի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Ռենդի Ջեքոբսը հաղորդել է, որ COVID-19-ը կարող է արտահայտնվել մաշկի ցանի տեսքով:

Նրա հիվանդը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ, և հիվանդության անամնեզը կազմելիս հաջողվել է պարզել ևս մեկ ախտանիշ:

«Նրա ախտանիշները սկսվել են մոտ 10 օր առաջ՝ ցածր ջերմաստիճան, քթի փակվածություն, հետագայում քթից արտադրություն և թաց հազ՝ առանց շնչարգելության: Հիվանդը ենթադրել է, որ դա մրսածության հետևանք է: Մեկ շաբաթ անց նա ազդրի առջի հատվածում նկատել է ժամանակավոր, քոր չառաջացնող գունատություն, անոթային ցան:

Դա նկատվել է 24 ժամ, այնուհետև ամբողջովին անհետացել: Միևնույն ժամանակ, հիվանդը նկատել է վառ կարմիր հեմատուրիա (արյունամիզություն) և ընդհանուր թուլություն»,- պատմել է բժիշկը:

Հաջորդ օրն այդ ախտանշաններն անհետացել են, և ի հայտ է եկել չոր հազ, ուժեղ թուլություն, իսկ COVID-19-ի թեստը դրական է եղել:

Տղամարդը հոսպիտալացվել է, նա գտնվում է թթվածնի աջակցության տակ:

Բժիշկը նշել է, որ նման ախտանիշներ են ունեցել նաև այլ հիվանդներ: