Ապրիլի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ այս տարվա ապրիլի 3-ին Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան փաստի առթիվ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մահվան դեպքի բացահայտման և օբյեկտիվ քննություն տանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախ են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Արդեն Արցախում՝ Ա. Աղաջանյանի գլխավորությամբ, Արցախի ռազմական ոստիկանության Կենտրոնական ապարատի, Ստեփանակերտի և Հադրութի ռազմական ոստիկանության բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ. Բաբակեխյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է շարքային Ա. Պ.-ն՝ իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգի փողը Գ. Բաբակեխյանի ծնոտի շրջանում դնելով և կրակահերթ արձակելով:
Աղբյուրի տեղեկություններով, մինչ ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Աղաջանյանի Արցախ գործուղելը տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Սակայն իրականությունը կարճ ժամանակում բացահայտվել է և շարքային Ա. Պ.-ն Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ Քր-օր-ի 365 հոդվածի 1-ին մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) հատկանիշներով: