«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքական էլիտան շարունակում է քննարկել աշնանը Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախաստորագրման թեման: Ի՞նչ է այն ենթադրում:

Հայաստանցի ու եվրոպացի փորձագետների հետ զրույցում «Ժողովուրդը» պարզեց, որ շուրջ 1500-էջանոց բավական վիճելի համաձայնագրի շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո կողմերը պետք է նախաստորագրեն փաստաթուղթը, որից հետո այն ներկայացվելու է ՀՀ ու ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների՝ առաանձին-առանձին քննարկմանն ու հաստատմանը: Այդ ընթացքում Հայաստանը պետք է սկսի «եվրոպականանալ»՝ համաձայնագրի դրույթների համաձայն բարեփոխումներ կատարելով: Ընդ որում, բարեփոխումներն արվելու են գրեթե բոլոր ոլորտներում՝ և՛ օրենսդրական դաշտում, և՛ գործնական մակարդակով:

Եվ երբ ԵՄ-ն համարի, որ ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները, իսկ ԵՄ անդամ երկրների խորհրդարանները հաստատեն համաձայնագիրը, այն արդեն կստորագրվի և ուժի մեջ կմտնի: Որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ գործընթացի մասին է խոսքը, նշենք, որ Ուկրաինան ԵՄ համաձայնագիրը նախաստորագրել է 2005-ին և միայն այս տարի պետք է ստորագրի այն:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը դժվար թե հասցնի իրագործել իր ծրագիրը, եթե, իհարկե, չորոշի այս հարցում ևս առաջնորդվել իմիտացիոն գործելաոճով՝ ժամամանակ շահելու նպատակ հետապնդելով: Ի վերջո, նա ամենից լավ գիտի հայկական մենթալիտետի նրբությունները»: