Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի հրճվանքը և Fitch Ratings-ի սառը ցնցուղը
Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը: Պարզվում է, ապրիլի 13-ին Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար գնելը Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես մարդկանց կողմից նրա կառավարության վարած քաղաքականությանը և դրամին վստահելու արդյունք:
Շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանի ասածները համապատասխանեին իրականությանը: Չգիտես՝ ինչու, երբ ինչ-որ միջազգային կազմակերպության վարկանիշում Հայաստանի դիրքերը վատանում են, պարոն վարչապետը դա անտեսում է և չի հրապարակում այդ մասին: Փաշինյանի էջը ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Սինգապուրում կամ՝ քայլիստների երկրպագուների կենտրոն Լոս-Անջելեսում:
Մինչ Փաշինյանը հրճվում է իր քաղաքականության և դրամի նկատմամբ հասարակության իբրև թե վստահությունից, աշխարհահռչակ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում: Զարմանալի չէ, թե ինչու Հայաստանի վարչապետն իր էջում չի հրապարակել այս տեղեկությունը:
Իսկ թե ինչու են մարդիկ դոլար վաճառում, ինձ թվում է` շատ պարզ է: Մարդկանց մեծ մասը ծախսել է կուտակած դրամը և, քանի որ գումարի պահանջ ունի, սկսել է ծախել նաև պահուստավորված արտարժույթը: Բացի այդ, ըստ բազմաթիվ օգտատերերի՝ դոլարի վաճառքը նաև պայմանավորված է նրանով, որ տարվա կտրվածքով բազմաթիվ գործարարներ ապրիլին են վճարում շահութահարկը, որով ևս պայմանավորված է մեծ քանակությամբ դոլարի հայտվելն արտարժույթի շուկայում:
Հ.Գ. Մինչ Փաշինյանը հրճվում է միայն իրեն ու իր թիմակիցներին հայտնի ձեռքբերումներից, իր սիրած միջազգային կազմակերպությունները սառը ցնցուղ են կազմակերպում նրա համար:
Ի դեպ, հիշեցնեմ, որ Fitch Ratings-ը Standard & Poor’s-ը Moody’s-ի հետ միասին մտնում է աշխարհի ամենաազդեցիկ վարկանիշային «մեծ եռյակի» կազմակերպությունների ցանկում»: