Վերջին շրջանում տնտեսավարողների կողմից ներկայացվել են հայտեր՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ, հիմք ընդունելով, որ տարիների ընթացքում ավելացել են մեքենաների գինը, վառելիքը և այլն: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը:
«Տնտեսավարող սուբյեկտներն առաջարկել էին 170-200, մենք կատարել ենք քննարկումներ և արդյունքում որոշվել է տրանսպորտի նոր սակագինը:», - նշեց նա:
Աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ կատարվել են հաշվարկներ, և բոլորի գինը սահմանվել է 150 դրամ:
«Քաղաքի երթուղիներում տարբեր սակագներ դնելը նպատակահարմար չէ, քանի որ բոլորը աշխատում են զուգահեռ և կրկնվում են, և եթե տարբեր սակագներ սահմանվեն, թանկը կգնա ոչնչացման և կփակվի», - նշեց նա, հավելելով, որ նույն գինն է սահմանվել նաև միկրոավտոբուսների համար:
Երևանի մետրոպոլիտենը կաշխատի նույն սկագնով, իսկ տրոլեյբուսը կդառնա 100 դրամ:
Նշենք, որ նոր սակագները ուժի մեջ կլինեն հուլիսի 20-ից: