Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով արդեն մի քանի անգամ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել:
Այս մասին Factor.am-ի հարցերին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: «Երկար է տևում հարցաքննությունը, կիսատ է մնացել, դրա համար են կանչում: Բացարձակապես առերեսում չի եղել, միայն սրբազանին են հարցաքննել»,- ասաց նա:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն և շինծու:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է) խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի
չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է) ձեռք բերել նրան և նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել և անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների:
Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրավված է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մեր հարցին ի պատասխան Հովիկ Արսենյանն ասաց, որ գործով անցնող որևէ անձի հետ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի առերեսվել: Ավելին, նա նաև պնդեց, որ սրբազանը որևէ առնչություն չի ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի հետ:
-Պարոն Արսենյան, այսինքն՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ Փայլակ Հայրապետյանի հետ որևէ կապ չի՞ ունեցել:
-Չէ, ես դրա վերաբերյալ արդեն խոսել եմ:
-Իսկ «Բենթլի՞ն», որ Կճոյանին նվիրել է Աշոտ Սուքիասյանը գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով:
-Ես այդ տեղեկությունը տարածողից կարող եմ պատիվ պահանջել: Ես գիտեմ, թե այդ «Բենթլին» ով է առել:
-Ո՞վ է առել:
-Ունեցել է «Մերսեդես» 600, վաճառել է և «Բենթլի» է առել: – «Բենթլին» թանկարժեք մեքենա է…
-Բայց ինչո՞ւ է թանկարժեք: 50-60 հազարից սկսում է:
–Հոգևորականի համար 50-60 հազար դոլարը մեծ գումար չէ՞: Նորմա՞լ է, որ հոգևորականը նման թանկարժեք մեքենա գնելու հնարավորություն ունի:
-Ինչու՞ նորմալ չէ: Ամբողջ աշխարհի հայությունը իրեն ճանաչում է, նվիրատվություն են տալիս, գրպանը գումար են դնում, ասում են՝ բարեգործությամբ կզբաղվես, դու կօգտագործես: Ինքն էլ ամուսնացած չի, ծախսեր էլ չունի: