Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսով հիվանդին տուգանում են հարկերը ուշացնելու համար:
Մանրամասները՝ ստորև.
Քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և հիմա թոքաբորբով հոսպիտալացված է: Կորոնավիրուս է հայտնաբերել նաև նրա ընտանիքի անդամների մոտ, իսկ սերտ շրջապատի անդամները գտնվում են խիստ մեկուսացման ռեժիմի մեջ:
Քաղաքացին ունի հարկային պարտավորություններ, որոնք պատրաստ է վճարել, սակայն վճարումն իրականացնելու համար ՊԵԿ-ից պահանջում են նրա ներկայությունը: Երբ նա զանգահարում է ՊԵԿ-ի թեժ գիծ և ասում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակակիր են, հետևաբար, չի կարող ներկայանալ ՊԵԿ, թեժ գծից հայտնում են, որ ցանկացած պարագայում, եթե նա չի ներկայանա, վճարումը չի իրականացվի, և դա կունենա իրավական պատժիչ հետևանքներ, քանի որ օրենքի փոփոխություն չի եղել:
Քաղաքացուն մինչև ապրիլի 20-ը ժամանակ են տվել, չվճարելու դեպքում խոստացել են տույժ-տուգանքներ կիրառել:
Սա ոչ միայն անարդարացի է, այլև անբարոյականության էլեմենտներ է պարունակում: Ինչպե՞ս կարելի է կորոնավիրուսով վարակված անձին տուգանել այն պայմաններում, երբ ֆիզիկապես նա ամենաօբյեկտիվ պատճառով չի կարող ներկայանալ հարկային մարմին:
Ցանկանում եմ ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Պատրաստ եմ տրամադրել նաև քաղաքացու կոնտակտային տվյալները»: