Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, հետևյալ սկզբունքով.

1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100%-ով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։ Ավարտող ուսանողները ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։

2. Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։

3. 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

Նշեմ, որ ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո»։