Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրն ավարտվեց:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին օրվա վերջում փորձել եմ հասկանալ, արդյոք կարողացանք ըստ արժանվույն ներկայանալ աշխարհին, կարողացանք ևս մեկ անգամ աշխարհով մեկ բարձրացնենք մեր պահանջի ձայնը: Եվ հասկանում էի, որ ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի Ծիծեռնակաբերդ բարձրացող արևածաղիկ չրթող, ծամոն ծամող ու անկապ խոսակցություններ տանող, բերանները մինչև ականջները բացած մեր հայրենակիցներին:
Ապրիլի 24-ը շատերի համար չեր տարբերվում մայիսի 1-ից: Այդ օրը բարձր ցուցանիշների էր հասնում ծաղկային բիզնեսը: Մնում էր փուչիկներ բռնեն: Իսկ ահա, այսպես կոչված «պրոտոկոլային» ծրագիրը կազմում էին ինչ-որ մեծամիտ դեմքեր քաղաքապետարանից, որոնք իրենց մեծ ռեժիսորի տեղ էին դրել, ամեն տարի արտագրելով նախորդ տարվա սցենարը, փոխելով միայն տարեթիվը: Այսինքն սցենար էլ չկար: Նույն տեքստերը, որոնք հնչում էին կադրից դուրս Հանրայինի եթերում, նույն երաժիշտները, հիմնականում ծանոթի միջոցով ընտրված, նույն կատարումները, բացառությամբ ասենք պետական ակադեմիական երգչախմբի ու ֆիլհարմոնիկի: Իսկ առավոտյան ամբողջ Ծիծեռնակաբերդը ողողվում էր սափրած գլուխներով թիկնապահներով և հատուկ ծառայություններով: Ծիծեռնակաբերդի բլուրը գրոհում էին երկրի ջոչերը:
Երբեք չեմ մոռանա, մի տարի այլ մոտեցում էր օրվա խորհրդին: Երաժշտական կոլեկտիվներն ու մենակատարները ընտրվում էին ամենախիստ պայմաններում պրոֆեսիոնալների կողմից և առաջին անգամ Ծիծեռնակաբերդում հնչում էր պոեզիա: Հպարտ եմ, որ այդ տարվա ծրագրի ղեկավար, այն ժամանակ Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արմեն Մանուկյանը հրավիրեց ինձ, որպես ծրագրի վարող և ասմունքող: Ղեկին կանգնած էին պրոֆեսիոնալներ ու յուրաքանչյուրն իր գործն էր անում: Ցավոք դա չունեցավ շարունակություն:
Հիմա այս տարվա մասին:
Կարանտինային իրավիճակը, պարզվեց, որ ունի նաև իր դրական կողմերը: Նախ համացանցը մեր արվեստագետները ողողել էին անչափ հետաքրքիր և տաղանդավոր կատարումներով օրվա խորհրդին համահունչ: Իսկ ինչ վերաբերվում է հենց արարողությանը, ապա այն, ինչ արվեց Ծիծեռնակաբերդում այս երկու օրվա ընթացքում և դեռ շարունակվում է՝ պարզապես գլուխգործոց էր: Մենք վերջապես պարզ ճակատով կարող ենք պահանջել աշխարհից ճանաչում, ապացուցելով բոլորին, որ այո, մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա XX դարի առաջին ցեղասպանությունը: Կարդում էի հարցազրույցը C-squared-ի այն տղաների հետ, ովքեր հեղինակն էին այս երկու օրվա լուսային ձևավորման, նայում էի նրանց լուսանկարին և տեսնում, թե ինչքան հավատ ու ոգևորվածություն կա նրանց աչքերում: Ինչպես կարելի էր 2015-ին չընդունել նման առաջարկ: Դե իհարկե, բա ո՞վ զբաղվեր անմոռուկների տեսքով հուշանվերների, կրակայրիչների, պատյանների, կանացի զարդերի և այլ անհեթեթ բաների բիզնեսով: Ո՞վ բեմադրեր, թե ինչպես է երկրի «էլիտան» էլի այս և այն կողմից տանելով, խոնարհված դիմավորում ռսի ցարին: Փայլուն բեմադրած ներկայացում:
Բայց չշեղվեմ այսօրվա անմոռանալի խորհրդից: Ինչ հրաշալի գաղափար էր մեր հայրենակիցների անուններով սյուների լուսավորումը, երաժշտական բարձրաճաշակ երաժշտությունն ու տաղանդավոր կատարողները, մութ փողոցներում պատուհանների մոմավառությունն ու եկեղեցիների կախարդական ղողանջները: Ասես մեր սրտի լույսի մի ճրագ յուրաքանչյուրս ուղարկեցինք տիեզերք, լուսավորելով մեր անմեղ զոհերի հոգիները: Այո, մենք մեր բողոքը աշխարհին այս տարի վերջապես ներկայացրեցինք մեր բարձր մշակույթի միջոցով, ապացուցելով, որ մենք հազարամյակների մշակույթ ունեցող ազգ ենք:
Մեծ հպարտությամբ հետևեցի նախագահ Արմեն Սարգսյանի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի, մարզպետների և մյուսների խոնարհմանը զոհերի հիշատակի առջև: Որքան անկեղծ էր այդ ամենը, առանց ցուցամոլության: Եվ տարօրինակն այն է, որ որոշ թափթփուկներ նույնիսկ այս օրով որոշել էին օգտագործել քաղաքական ամբիցիաներ ու ուղիղ եթերում կեղտ թափել կատարված աշխատանքի վրա: Որքան մեղք եք դուք, այ ողորմելիներ, մի՞թե դուք իրավունք ունեք հայ կոչվելու: Ամոթ, հազար ամոթ...
Չգիտեմ մասնավորապես ովքե՞ր են գաղափարի հեղինակներն ու իրականացնողները, սակայն ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և իմ պատրաստակամությունը հայտնել այսուհետ միշտ մասնակիցը դառնալու նման բարձրաճաշակ միջոցառումների:
Հ.Գ. Աշխարհը շարունակում է շնչել Ծիծեռնակաբերդով, շնչել բարձրաճաշակ մշակույթով, շնչել ՀԱՅՈՎ: Բավ է ողբանք, մենք պիտի ՀԻՇԵՆՔ ու ԱՊՐԵՆՔ հանուն մեր ապագայի: Բարի և խաղաղ գիշեր բոլորին»։