Դավադրապաշտական տեսությունները մի շարք ոլորտներում են ծավալվում, այդ թվում պատվաստումների դեմ շարժում էր ծավալվել։ Այս ամսին «Ազատության» ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե կան մարդիկ, որոնք չեն հավատում կորոնավիրուսին, «ասում են, թե այդ ամենը հորինել են, որպեսզի մարդկանց նկատմամբ վերահսկողություն հաստատեն, հարուստ մարդիկ, աշխարհի տերերը»։
«Դավադրապաշտական տեսությունները մի շարք ոլորտներում են ծավալվում, այդ թվում պատվաստումների դեմ շարժում էր ծավալվել։ Մարդիկ նույնիսկ ասում են, թե ՁԻԱՀ-ը հորինված հիվանդություն է, եւ չկա այդպիսի բան։ Ես մեծ հաճույքով էքսկուրսիաներ կկազմակերպեի դեպի մեր ինֆեկցիոն հիվանդանոցներ, եթե չունենայի պատասխանատվության զգացում, կասեի՝ եկեք ինքներդ վարակվեք եւ տեսեք՝ արդյո՞ք այդ հիվանությունը գոյություն չունի։ Կարող էին տեսնել, թե վերակենդանացման բաժանմունքում ինչ վիճակում են հիվանդները։ Այդ մարդիկ, որոնք այլ շահեր ունեն, չէին գա, այն մարդիկ էլ, որոնք ավելի շատ հավատալու էին այդ տեսություններին, նրանց էլ ոչինչ չէր համոզի։ Լուծումը կրթությունն է, եթե դպրոցում լավ սովորեն կենսաբանություն եւ այլ առարկաներ, կիմանան, թե ինչպես է վիրուսը քայքայում բջիջը, ավելի քիչ կհավատան այդ հիմարություններին։ Պաշտպանիչ վահանը կրթությունն է»,– ասաց նախարարը։