ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ COVID-19 համավարակի առանձնահատկություններից մեկն այն է, որ շատ դժվար է կանխատեսել վարակի տարածման հետագա զարգացումները, այնուամենայնիվ, ներկա իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:
Ներդրված սահմանափակումները, մեկուսացման, ինքնամեկուսացման ռեժիմներն ու տեղորոշման համակարգերը թույլ են տալիս պնդել, որ «ընդհանուր առմամբ ժամանակ շահել ենք, որպեսզի կարողանանք առողջապահական համակարգը բերել մի մակարդակի, որ կարողանա սպասարկել մի քանի հազար վարակակիրների միաժամանակ»: Նա նաեւ ասել է, որ նախապատրաստված առողջապահական համակարգն այս փուլում թերբեռնված է, ինչը թույլ կտա փուլ առ փուլ նվազեցնել սահմանափակումները:
«Մենք շարունակելու ենք զարգացնել առողջապահական համակարգի կարողությունները, որպեսզի խնդիր չունենանք որեւէ պահին վարակակիրներին սպասարկելու համար»,- ասել է նա:
Պարետ Տիգրան Ավինյանը ՔՈԱՖ-ի ինստագրամյան էջում ուղիղ եթերում խոսել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակի մասին ու պատասխանել հարցերի: Մեդիամաքսն առանձնացրել է ուղիղ եթերի ուշագրավ դրվագները:
Հրատապ բարեփոխումները
Նմանատիպ արտակարգ իրավիճակները բոլոր երկրների համար ստեղծում են որոշակի հրատապ խնդիրներ, փաստացի, այս պարագայում դրանք համընկնում էին բարեփումների ռազմավարության հետ, որը մենք արդեն իսկ որդեգրել էինք: Մասնավորապես՝ հանրային կառավարման բարեփոխումների շատ լայն փաթեթ էր ենթադրվում, որը վերաբերում էր հանրային ծառայությունների թվայնացմանը, առցանց ծառությունների մատուցմանը, առցանց տնտեսության զարգացմանը եւ այլն:
Ստեղծվել են նոր էլ․ գործիքներ, որոնք միանգամից ներդրվել են եւ լայնորեն օգտագործվում են: Եղել են արդեն իսկ գործող որոշակի հնարավորություններ, որոնց միջոցով, օրինակ, կարելի էր առցանց դիմել գերատեսչություններին, եւ, փաստացի, արտակարգ իրավիճակի եւ հետագայում դրության հայտարարումից հետո այս գործիքները, որոնց օգտագործումը հասարակության կողմից շատ նվազ էր, սկսեցին արդյունավետ աշխատել եւ լայնորեն կիրառվել:
Թվային ծառայությունների հետագա զարգացումը մեր առաջնահերությունների ցանկում է, եւ այս իրավիճակից ելնելով՝ այդ ծառայությունները սկսեցին ավելի արագ եւ ինտենսիվ զարգանալ:
Արտակարգ իրավիճակում հասկացանք, որ հանրային կառավարման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումները, նույնպես, դարձան օրակարգային, այդ ուղղություններով նույնպես սկսեցին արագացված տեպով փաթեթներ մշակվել:
Համավարակն ու ապագան
Արդեն իսկ, մեզ համար ակնհայտ է, որ վարակը եւ դրա տարածումը երկարաժամկետ գործընթաց է լինելու եւ էականորեն ազդելու է մեր առօրյա կյանքի վրա: Երբ ասում ենք, որ որոշ չափով վերադառնում ենք մեր բնականոն կյանքին, դա ենթադրում է, որ այնուամենայնիվ որոշակի զգուշավորություն եւ սահմանափակումներ պետք է շարունակեն գործել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում:
Որոշակի նոր կանոնների պահպանման կարիք է լինելու: Շատ ենք խոսել սոցիալական հեռավարության պահպանման, հիգիենայի կանոնների կարեւորության մասին։ Սրանց ավելանալու են նաեւ որոշակի վայրերում պարտադիր դիմակներ, ձեռնոցներ կրելու պահանջներ:
Ընդհանուր առմամբ, սրանք վարքագծային փոփոխություններ են բերելու հասարակության մոտ, որոնք, այո՛, դժվարին պայմաններում ապրելու նոր կանոններ են լինելու: Ես համոզված եմ, որ մենք շատ եւ շատ դասեր ենք քաղելու հենց այդ պրոցեսի ընթացքում:
Բոլոր երրկները կունենան խնդիրներ որոշակի ոլորտներում։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտը վնասներ կրում այս արտակարգ իրավիճակից, եւ բիզնեսը հիմա մտածում է այս պահին գործող համակարգի մոդիֆիկացման մասին։ Հանրային կառավարման համակարգը եւս պետք է այդ ուղղությամբ մտածի:
Գիտության հետ նոր հարաբերությունները
Այս ամենի արդյունքում սերտացել է կառավարման համակարգի եւ գիտական հանրույթի կապը:
Հենց սկզբից մեզ համար կարեւոր հարց է եղել, օրինակ, Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության հարցը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշակի առաջարկ է ձեւավորել, որի արդյունքում նաեւ պետական միջոցներից դրամաշնորհ ենք հատկացրել: Ակնկալում ենք մոտ չորս ամսում Հայաստանում արտադրված թոքերի արհեստական օդափոխության սարքերի 5 պրոտռոտիպ ունենալ եւ հետո ամսական 40-60 օրինակով սերիական արտադրություն հիմնել:
Սա տեղական ընկերությունների համար նաեւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն է ստեղծելու: Կարծում եմ՝ նմանատիպ աջակցությունը պետության կողմից շատ կարեւոր է այս փուլում:
Սկսել ենք գիտնականների հետ շատ ինտենսիվ աշխատել տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ գիտական հանրույթը մեզ շատ է օգնել վարակի տարածման մոդելավորման առումով, հայ գիտնականների կառուցած մոդելներից եւ եզրակացություններից ելնելով՝ փաստարկված որոշումներ ենք կայացրել:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսելու է ախտորոշիչ տեստերի արտադրություն, որի հումքը ձեռք է բերում կառավարությունը: Ակնկալում ենք, որ վերջին փաթեթը կստանանք մայիսի 12-ին, ինչը ինստիտուտին թույլ կտա սկսել արտադրությունը։ Թեստերը, դարձյալ, բացի Հայաստանում օգտագործելուց, կարող են նաեւ արտահանման պոտենցիալ ունենալ:
Այս իրավիճակում պահանջարկը փոխվում է, բոլորը սկսում են ոչ միայն այսօրվա պահանջարկը բավարարելու, այլեւ վաղվա պահանջարկը կանխատեսելու ուղղությամբ աշխատել:
Սահմանափակումների վերացումը
Վարակի տարածման ինտենսիվության ցուցանիշն այս փուլում թույլ է տալիս ենթադրել, որ կարող ենք գնալ փուլային սահմանափակումների վերացման ճանապարհով։ Արդեն իսկ որոշակի ոլորտներում սահմանափակումները հանվել են: Շատ մեծ հավանականությամբ՝ մայիսի 4-ից մեծ փաթեթով սահմանափակումներ են վերացվելու մշակող արդյունաբերության, սպասարկման ոլորտներում (գեղեցկության սրահներ), իհարկե, անպայմանորեն, ոոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու են բացօթյա սրճարանների, ավելի ուշ` սննդի փակ օբյեկտների բացման հնարավորությունը:
Տրանսպորտը բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ է, որին հավանաբար կկարողանանք անդրադառնալ մայիսի կեսերին, քանի որ այստեղ վարակի միաժամանակ տարածման ռիսկը շատ է մեծանում:
Մեր կանխատեսումներում ունենք որոշակի զգուշավորություն, եթե տեսնենք, որ ուժեղ բռնկում է գնում, կրկին կարող ենք վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմներին:
Մարտահրավերները
Տարաբնույթ մարտահրավերների ենք բախվել այս ընթացքում: Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը, որին բախվել ենք, եղել է իրավական կարգավորումների թերիությունը, եւ սա միայն մեր երկրի խնդիրը չէ: Արտակարգ դրության ռեժիմում գործելու ճկունության պակաս կա, շատ իրավական կարգավորումներ մեր «ձեռքերը կապում էին»:
Պետական կառավարման համակարգը նման սթրեսի չէր ենթարկվել, եւ առաջին օրերին մտահոգիչ ազդակներ կային, որ համակարգը կարող է բավարար չափով դիմակայելու ունակ չլինել։ Բայց, այնուամենայնիվ, կազմակերպչական լավ աշխատանք տարվեց, շատ արագ կառավարման ռեժիմն ամբողջապես փոխեցինք, որոշակի թերություններով, բայց կարողացանք խնդիրները լուծել:
Վարակի տարածման ռիսկերը կան են ե՛ւ քաղաքներում, ե՛ւ գյուղերում: Շատ կարեւոր է՝ հասկանանաք, որ պարետատան կողմից իրականացվող սահմանափակումների միակ նպատակն է հնարավորինս մեղմել վարակի տարածման արագությունը։ Բարեբախտաբար, մեր ժողովուրդն ունի դժվար պահերին պատասխանատու եւ համախմբված լինելու հատկությունը, իհարկե ունեցել ենք նաեւ կարգապահական որոշակի խնդիրներ, բայց ես ուզում են շնորհակալություն հայտնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին: