Հանրային ճնշումը  միշտ էլ արդյունավետ է լինում  և հենց դա հնարավորություն տվեց, որ քաղաքապետարանը  ներկայացնի մեկ ուղևորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորումը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը, հավելելով, որ նման ճնշումն օգնեց նաև պաղպաղակների շուկայի ստուգումների ժամանակ:

«Ես կոչ էի անում մեկ ամիս առաջ  գտնել տնտեսագետ թող հաշվարկներ անի տրանսպորտի հետ կապված», - նշեց նա:

Բ. Պիպոյանը  ծիծաղելի է համարում հաշվարկներում ներկայացված մի քանի կետեր: Մասնավորապես, ըստ նրա ամորտիզացիայի ծախս չի կարող լինել այն դեպքում, երբ ավտոբուսը նվեր է:  Նա նաև նշեց, որ ըստ քաղաքապետարանի տվյալների ստացվում է, որ մեկ երթի ընթացքում իրականացվում է ընդամենը 15 ուղևորի փոխադրում, ինչն ըստ նրա ծիծաղելի է:

«Թանկացումն անհիմն է, չի կարելի ծաղրել ժողովրդին», - հայտարարեց նա:

ՀԿ-ի նախագահը միաժամանակ աննպատակահարմար է համարում երեկ ֆեյսբուքով տարածված հայտարարությունը, թե պետք է շարունակել երթևեկել 100 դրամով:

«Լավ առաջարկ չէ, քանի որ կոնֆլիկտ կստեղծվի  ուղևոր-վարորդ հարաբերություններում», - նշեց նա, հավելելոց, որ դա լավ միտք չէ, քանի որ կոնֆլիկտը պետք է տեղի ունենա ուղևոր-պետություն հարաբերություններում: