Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը: Դրա նպատակը կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումն է: Ծրագրով ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում կհիմնվեն ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր և դրանով մեղմելով եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
«Աշխատանքներին ներգրավված կլինեն 3 կազմակերպություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն» ու «Էյ Թի Փի» բարեգործական ծրագիրը: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կտրոնի նախապատրաստման ու տնկման համար 50 դրամ կվճարվի»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Վարչապետ Ն. Փաշինյանն էլ հավելեց, որ մտադիր են այդ ծրագիրը դարձնել շարունակական։