ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում մտնող «Արարատցեմենտ» ընկերության 9 աշխատակից աշխատանքից ազատվել է քաղաքական հայացքների համար։ Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նիստի ժամանակ իր ելույթում բարձրաձայնեց գործարանի աշխատակիցների բողոքը։
«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արարատցեմենտ» ընկերության այսօրվանից արդեն նախկին աշխատակիցներ Հենրիկ Խեչումյանի ու Արտակ Զիրոյանի հետ։
Արտակ Զիրոյանը գործարանում աշխատում է երկար տարիներ՝ 1999 թվականից։ Արտակ Զիրոյանը 2008-2009 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է եղել, իրեն 2009 թվականին հետապնդումների ենթարկելով ստիպել են գործարանից հեռանալ։
Կրկին քաղաքական պատճառներով, Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիրներին սատարելու համար։ 2014 թվականին վերադարձել է գործարան՝ կրկին քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Պատմությունը կրկնվում է։
«Ինձ հանում են, բանվորներին էլ ասում՝ տեսա՞ք, Նիկոլը հիմա էլ չկարացավ ոչ մի բան անել, մի ընկեք դրանց խելքին։ Հասարակ ստորագրահավաքի պրոցես ենք սկսել, գործարանի տնօրենով, ցեխի պետով մարդկանց ահաբեկում են, ասում են՝ եթե թղթի տակ ստորագրեք, ձեզ էլ կհանենք։ Նրանք պայմանագրային աշխատողներ են, ու կարող են պայմանագիրը չերկարացնել։ Հիմա էլ ասում են՝ ընդդիմադիր Նիկոլի ժամանակ կարացանք հանել, վարչապետ Նիկոլի ժամանակ էլ ոչ մի բան չի փոխվել։ Պետք է նշեմ, որ Արարատ քաղաքը ընդհանրապես գործարանով է ապրում, 1200-1300 աշխատող ունի, ընտանիքներն էլ հետը մի 6000 մարդ։ Իրենք էդ 6000-ին ասում են՝ տեսա՞ք, Նիկոլը ոչ մի բան է։ Ես իմ աշխատանքի համար չեմ մտածում, բայց ինչու են իրանք հենց հիմա էս պրոցեսը սկսել, սա պատահական չէ։ Ես սա եմ ուզում գոռալ, հասկացնել։ Իրենք տարբեր տեղեր սկսել են Նիկոլի համար պրոբլեմներ ստեղծել, որ էս մարդը չկարողանա տիրապետել իրավիճակին։ Իրենք եթե սա մարսեցին, Արարատ քաղաքում, իմացեք, ամեն ինչ զրո է լինելու։ Դիմացը հանրաքվե է։ Սա շատ մեծ ու խոր ծրագրավորված պրոցես է։ Հիմա զավոդ են եկել մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ «Այո»-ի շտաբ էին բացել, հիմա եկել «Բարգավաճում» են աշխատում»,- մանրամասնեց գործարանի աշխատակիցը։
2009 թվականին Արտակ Զիրոյանն ու իր եղբայրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չանդամագրվելու համար ենթարկվել են հետապնդումների, որի արդյունքում դիմում են գրել, դուրս եկել։ «Իմ դիմումի տեքստը, որ տեսնեք, առնվազն ծիծաղելի է, որ դրա տակ ստորագրել են։ Գրել էի, որ ՀՀ Սահմանադրությամբ ինձ վերապահված խոսքի ազատության, տեղաշարժման ազատության, որևէ քաղաքական կուսակցության չհարելու, պարտադիր չանդամակցելու ազատության սահմանափակման համար խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից, որ ես կարողանամ այդ գործողությունները իրականացնել։ Գործի տեղն ասում էին՝ ինչի՞ ես միտինգ գնացել, ինչո՞ւ «Բարգավաճից» չես, ինչի՞ ես Նիկոլին գովում, մեզ փնովում։ Դա հանցագործության մասին հաղորդում է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, ստորագրահավաք են սկսել, որին 1300 բանվորից միացել է 300-ը, մնացածին սպառնում են չստորագրել։ Արտակ Զիրոյանը հայտարարեց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կես ժամ իրեն լսի, սենսացիոն տեղեկություններ կիմանա ԲՀԿ-ի կողմից պլանավորվող ծրագրերի մասին։ «Իրենք ուզում են Արարատ քաղաքը բաժանել մի քանի մասերի։ 1200 բանվորից 300-ը ստորագրել է, մյուսներին սպառնում են, այդ թվում՝ եղբորս։ Իրեն ևս հանում են աշխատանքից։ Իրենք «բաժանիր, որ տիրես»-ի հսկա ծրագիր են մշակել»,- նշեց Արտակ Զիրոյանը։ Վերջինս նաև աշխատավարձերի մասին խոսեց։ Գործարանի աշխատակիցներն, իրենց աշխատանքի համեմատ, շատ ցածր աշխատավարձ են ստանում՝ 130 հազար, 150 հազար դրամ։
Այսօրվանից գործարանի նախկին աշխատակից Հենրիկ Խեչումյանը ևս իր քաղաքական հայացքների համար է աշխատանքից հեռացվել։ Նա գործարանում աշխատում է 2014 թվականից։ Սոցիալական ցանցերում տարբեր գրառումների միջոցով հայտնելով իր կարծիքը թե՛ ԲՀԿ-ի մասին, թե՛ տարբեր գործընթացների մասին։
Գործարանի նախկին աշխատակիցը հիշեցրեց մեկ դրվագ՝ կապված Կապան քաղաքում «Արարատցեմենտ»-ի աղացման արտադրամասի կառուցման հետ։ «Կառուցման աշխատանքներին ես էլ եմ մասնակցել։ Մեկ անգամ մեկ շաբաթով գնացել եմ։
Այնտեղ արտադրամասը արդեն պատրաստ էր, օժանդակ շինություններն էին մնացել, բայց Պարսկաստանից ներմուծվում էր ցեմենտի հումքը՝ կլինկերը։ Այսինքն՝ արտադրամասը կարող էր արդեն շահագործվել։ Գործարանը պատրաստ էր, ուղղակի կապանցիները թույլ չտվեցին շահագործել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ անսալով ժողովրդի կարծիքը, կասեցնում է նախատեսվող գործարանի շինարարությունը, այնինչ, գործարանն արդեն պատրաստ էր աշխատանքի։ Դա իր էջում տարածել էր գործարանի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրենի նորանշանակ տեղակալ Կարեն Ավոյանը, որը նաև Արարատի տարածաշրջանի ԲՀԿ-ի ղեկավարն է։ Ես իր հայտարարության տակ ծիծաղող սմայլիկ դրեցի և գրեցի իմ կարծիքը, որ Գագիկ Ծառուկյանը չի կասեցրել նախատեսվող գործարանի շինարարությունը։ Գագիկ Ծառուկյանը կառուցել վերջացրել էր, կապանցիները չթողեցին շահագործել, հիմա քանդում է։ Այդ ժամանակ պարոն Ավոյանը ինձ կանչեց իր մոտ զրույցի։ Երկար զրույց ունեցանք, թե ինչու եմ նման բան գրել։ Ես էլ ասացի՝ լավ բան արեք, լավ բան գրենք։ Աշխատավարձերը ժամանակին չեք տալիս, մարդիկ իրենց հաշվին զուգարան են սարքում, որովհետև անմխիթար վիճակում էր եղածը և այլն։
Գործարանը կուսակցականացված է։ Այստեղ 2009 թվականին բոլորին ստիպել են անդամակցել կուսակցությանը։ Գործարանում վախի մթնոլորտ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նա ևս մեկ դրվագ պատմեց՝ կապված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, կալանավորված Սեդրակ Առուստամյանի մասով, երբ վերջինս մտել է արտադրամաս ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել տարբեր պատճառներով բողոքող աշխատակիցներին։ «Մեկ ամիս առաջ դեպք է տեղի ունեցել։ Պարոն Սեդրակ Առուստամյանը գալիս է գործարան, այնտեղ մեր աշխատակիցները զրույց են ունենում տնօրենի հետ աշխատավարձի պահով, թե ինչու են քիչ տալիս։ Փորձում են համաձայնության գալ։ Սեդրակ Առուստամյանը ներս է մտնում, տեղեկանում է խնդրին, որից հետո սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում աշխատակիցների հասցեին։ Ասում է՝ ով ուզում է աշխատի, ով չէ՝ «․․․ վրեն» աշխատի։ Կներեք, իհարկե։ Տղաները նույն պատասխանը տալիս են ու դուրս գալիս։ Ինքը փորձում է տղաներից ներողություն խնդրել, բայց տղաներն էլ հետ չեն գնում։ Հետո որոշում ենք առավոտյան գործարանի մուտքը փակել ու պահանջել, որ պարոն Առուստամյանը հրապարակային ներողություն խնդրի։ Նա գալիս, ներողություն է խնդրում,»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը կալանավորված է։ Նա անցնում է մի քանի քրեական գործերով։ «Արարատցեմենտ» ընկերության նախկին աշխատակիցները իրենց իրավունքների իրացման հարցում վճռական են տրամադրված։