ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում կորոնավիրուսի հետ կապված պատկերը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց՝ դժբախտաբար գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր, այդ թվում Հայաստանում։ «Մեր ունեցած 3 դեպքերում որևէ գանգատ, սիմպտոմ չունեն, բայց նրանց մոտ դուրս գրումից 2 շաբաթից հետո նորից վիրուս է հայտնաբերվել»։
Նախարարն ասաց՝ պետք է այնպես անել, որ չգա մի օր` բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության․ «Լինում են դեպքեր, երբ առաջնային վարակի աղբյուրը հնարավոր չի լինում գտնել, բայց գործողություններն ամեն կոնկրետ դեպքի համար իրականացվում են: Առողջապահական համակարգի բեռնվածությունը դեռևս տանելի մակարդակում է: Պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Մեր հիմնական նպատակը դա է»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ ոչ մի պետություն չի կարող կորոնավիրուսի դեմ միայնակ պայքարել, եթե չկա հանրային աջակցություն։
Անդրադառնալով նախարարությանը հասցեագրված մեղադրանքին, թե ՀՀ-ում թեստավորում քիչ է արվում, նախարարն ասաց. «ՀՀ-ում թեստավորման մակարդակը համադրելի է օրինակ՝ Ճապոնիայի, Իտալիայի հետ: Իհարկե, կան երկրներ, որոնք մեզնից 10 անգամ շատ են անում, օրինակ՝ ԱՄԷ-ն, բայց մենք այդ առումով վատ դիրքում չենք: Մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են, ինչը հեշտ չէ: Պահանջում է 3 կոմպոնենտ՝ սարքավորումներ, անձնակազմ և բիոանվտանգության մակարդակ: Նոր լաբորատորիաներ ներգրավելու համար այս երեք կոմպոնենտն է հարկավոր, ինչը հնարավոր չէ շատ արագ անել»,- պարզաբանեց Ա. Թորոսյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկայում ՀՀ-ում դիմակների պակաս չի լինի: Սկսվել է դրանց արտադրությունը, ինչը կբավարարի ողջ պահանջարկը: