Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ անվստահությունն օրեցօր աճում է։ Քաղաքացիների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքից մինչեւ ավագանու որոշումներ, անընդունելի են էջմիածինցիների համար։

«Մի կերպ ուզում էինք կուլ տալ Մանվելի դրածոյի՝ Արամի ուղեկցությամբ «Իմ քայլի» միջոցառմանը նրա մասնակցելու փաստը, երբ իմացանք, որ նույն այդ մարդու օգտին գազալցակայան կառուցելու թույլտվության որոշում է ընդունել»,- ասաց Էջմիածնի բնակիչ Բենիկ Մուրադյանը։

Խոսքը 06․03․2020թ․ Էջմիածնի ավագանու ընդունած 158-րդ որոշման մասին է, համաձայն որի՝ «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ին թույլատրվում է Էջմիածին համայնքում գտնվող հողամասում ավտոմոբիլային գազալցակայան կառուցել։ Աշոտ Միրզոյանը, ըստ մեր աղբյուրի, Դիանա Գասպարյանին «Իմ քայլի» միջոցառմանն ուղեկցած Արամի հայրն է, իսկ Արամը՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արմանի ընկերն ու Գրիգորյան ընտանիքի ականը ավագանու կազմում։


«Ես դեմ չեմ, որ քաղաքացուն ձեռնարկատիրական գործունեության հնարավորություն տրվի»,- ասում է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից, ՌԴ-ում ժամանակավոր բնակվող, Էջմիածնի բնակիչ Հարություն Մկրտչյանը։ Վերջինիս բողոքը Դիանա Գասպարյանի ու մանվել-սեյրանական կլանի թաքնված բարեկամության դեմ է, որն օր-օրի ավելի ակնառու է դառնում։ «Ավագանու անդամ Արամը, որը հօգուտ իր ընտանիքի որոշում է կայացրել, այն մարդն է, ով հեղափոխության օրերին Շմայսի ոհմակի հետ ահաբեկում էր քաղաքացիներին, ճանապարհներ փակում, որ ժողովուրդը Երեւան չհասներ, չմասնակցեր հեղափոխությանը։ Ու հիմա Դիանան լցակայան կառուցելու թույլտվություն է տալիս մի մարդու, ով Մանվելի տղաների հետ ամեն ինչ անում էր՝ ձախողելու համար հեղափոխությունը»,- ասում է Հարություն Մկրտչյանը։


Երիտասարդը վստահ է, որ Դիանա Գասպարյանի միջոցով Էջմիածինը շարունակում է ղեկավարել մանվել-սեյրանական խմբավորումը։ «Մանվելականները շարունակում են տակից ղեկավարել քաղաքը, շարունակում են իշխանություն լինել։ Պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու համար նրանց վերածնունդը։ Դիանան ամեն ինչ արեց, որ Էջմիածնից նոր հեղափոխության սկիզբ դրվի»։


Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կատարվածին՝ Դիանա Գասպարյանը որոշման դեմ բողոքողներին չակերտավոր ազնիվ հեղափոխականներ է որակել, որոնք, իր իսկ ձեւակերպմամբ՝ փորձում են փրկել հեղափոխությունը նրա սատանայական ճիրաններից։ «Այնքան են խորացել, որ ինձ 50 տոկոս փայ են վերագրում այդ բիզնեսում»,- գրել է քաղաքապետը։ Այնուհետեւ ներկայացրել է որոշումը կայացնելու մանրամասները։

Գասպարյանի պարզաբանումից հետո, սակայն, կրքերն ավելի թեժացան։ Գործին խառնվեց հեղափոխությանը մասնակցելու համար Եվրոպայից Հայաստան վերադարձած Արտակ Սերգոյանը։ «Մանվել Գրիգորյանը թեեւ պատմության աղբանոցում է հայտնվել, բայց քաղաքից նրա խլածը շարունակվում է նրա կողմից անխոչընդոտ տնօրինվել։ Եվ այս ամենն ապահովվում է քաղաքապետ հռչակված կնոջ կողմից։ Եթե նա չի կարողանում այդ ամենը վերահսկել, ուրեմն, ճիշտ տեղում չի գտնվում։ Ըստ օդում կախված լուրերի՝ սույն տիկինը շարունակում է Նազիկ Ամիրյանի հետ բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախվել եւ միլիոնների հասնող կարողություն դուրս հանել քաղաքից»,- ասում է Արտակ Սերգոյանը։

«Եթե չվստահեինք վարչապետին, չէինք ընտրի Դիանային, քանի որ ո՛չ ճանաչել ենք, ո՛չ տեսել քաղաքում, ո՛չ էլ իմացել՝ ինչով է զբաղվում։ Հեղափոխության օրերին էլ չենք տեսել։ Քաղաքն այնքան փոքր է, որ բոլորն իրար ճանաչում են, բոլորս պայմանավորվում էինք՝ որտեղ ենք հանդիպելու, ոնց ենք հասնելու Երեւան։ Ոչ մի անգամ իրեն չենք տեսել։ Ո՞վ բերեց, ո՞նց բերեց, մինչեւ էսօր գաղտնիք է«,- ասաց Գուրգեն Առաքելյանը, ում կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում Դիանա Գասպարյանը, էջմիածինցիների ճնշման տակ, ստիպված է լինելու հրաժարական տալ։