Հայաստանում կորոնավիրուսի տարածման շրջանակի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 24-ին և հունիսի 8-ին վարակվածների հավանական թվերի մասին հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ:
- Պարոն Մանասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը, վերջին շրջանում վարակի տարածման աճ է գրանցվել:
- Տեսեք, վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր նույն քանակի վարակակիր է ավելանում, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածման երկրաչափական պրոգրեսիա չկա: Եթե վիրուսի տարածման տեմպը ամեն օր նույն քանակի է, դա նշանակում է մեկը մեկ հոգու է վարակում իր ամբողջ հիվանդության ընթացքում:
Եթե մի փոքր էլ սա նվազի, մենք սահմանափակման այս չափավոր ռեժիմով կունենանք վարակի մարում: Սա կոչվում է պիկ, եթե սրան ձեռք չտան, չխանգարեն, ապա պիկից կիջնենք: Այսինքն՝ այսօր արդեն ունենք 79 նոր դեպք, ավելի պակաս քան նախորդ օրերի ընթացքում, եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք պահպանենք մինչև 100 դեպքերը, դա կնշանակի, որ պիկից իջնում ենք: Հիվանդները կուտակվում են, որովհետև առողջապահության նախարարը հյուրանոցներում կոնտակտավորների ու վարակակիրների է պահում, եթե նրանց ուղարկեն տներ, հիվանդների քանակը կավելանա, բայց ինչ-որ պայմանական ժամկետից կսկսի կրճատվել: Վերջին շաբաթվա ընթացքում ունենացանք 120, 130, 150 և այլն թվով վարակակիրներ, պարզ է, չէ՞, որ տաս օրում կունենանք հազարից ավել ու դա սարսափելի բան չէ՝ հաշվի առնելով, որ այդ մարդկանց 80 տոկոսի մոտ ընդհանրապես սիմպտոմներ չկան:
- Դուք նշեցիք, որ եթե չխանգարեն, կգնանք նվազման, պիկի իջեցման, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ և ինչո՞ւ պետք է խանգարի, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նկատի ունեք:
- Երբ ամեն օր գրանցվում են նորանոր դեպքեր, դրանց ծանրակշիռ մեծամասնությունն առանց սիմպտոմների, առանց պրոբլեմների լավանում են՝ ձևավորելով իմունիզացված բարիեր, դա բնական իմունիտետն է, որ կանխարգելում է հանրության մեջ վարակի տարածումը, դա ամենագործուն, ամենաուժեղ պաշտպանիչ և համաճարակը հաղթահարելու միակ ուժն է: Եթե սոցիալական հեռավորությունը պահվում է, կամ դպրոցներն են փակվում, այդկերպ որոշակի չափով կանխվում է վարակի տարածումը, բայց իմունիզացված բարիերի ձևավորման դեպքում արդյունավետությունն ավելի բարձր է: Այսինքն՝ բոլորին մտցնելով տներն ու ասելով՝ չշնչեք, չապրեք, դուրս չգաք, արգելում և խանգարում եք իմունիզացված բարիերի ձևավորմանը, ահա եթե հիմա չխանգարեն, թույլ տան սահմանափակումների չափավոր մակարդակը, մենք շատ արագ կունենանք իմունիզացված բարիերի այնպիսի ծավալներ, որ կկարողաննք խոսել համաճարակը հաղթահարելու մասին: Կհաղթահարենք առանց որևէ ակտիվացման, որը տարի ու կես հետո է լինելու, և առանց լուրջ կորուստների, առողջապահական ճգնաժամի ու տնտեսական ինքնասպանության՝ կունենանք համաճարակի արմատական լուծում, առանձին էպիզոդներ կլինեն, իհարկե, ինչպես գրիպի ժամանակ, բայց համաճարակի ողնաշարը կկոտրվի:
- Պարոն Մանասյան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվեր է հայտարարել, ըստ նրա՝ մայիսի 24-ին կունենանք մոտ 6350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք, սա ի՞նչ է նշանակում:
- Իմ կարծիքով՝ նախարարը համագործակցում է դրսի խուճապաստեղծ ուժերի հետ և նրանց կամքն է կատարում: Ես մեր նախարարին կասկածում եմ դրսի ուժերի գործակալ լինելու մեջ, իմ կարծիքով՝ նախարար Արսեն Թորոսյանը գործակալական գործունեություն է իրականացնում մեր առողջապահական համակարգում, նրա կողմից հարցերի միակողմանի ներկայացնելը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ես այդպես եմ կարծում, որովհետև երբ նման թվեր են հայտարարում, պետք է նաև մեկնաբանել: Եթե բժշկական ինֆորմացիան՝ կլինեն թվեր, տերմիններ, թե դիագնոզ, ներկայացվում է ոչ բժշկական հանրությանը, պարտավոր է մինչև վերջ բացատրել, թե դա ինչ է ենթադրում: Նախարարն այնքան սպառիչ պետք է ներկայացրած լիներ, որ այս բոլոր հարցերի պատասխանները չառաջանային: Ասել այսպիսի թվեր ու չմեկնաբանել, չտալ այն հարցի պատասխանը՝ արդյո՞ք հազարն էլ մեկ օրում է լինելու, թե կուտակվելու է, դա սխալ է, մարդիկ չեն հասկանում դա: Իր ոչ մասնագիտական հոտառությունից է, որ ամեն ինչ արագ չի նկատում, իսկ ես արագ նկատում եմ, որ եթե այդպիսի թվեր են ասվում՝ առանց ասելու, որ դա լավ է, ոչ թե՝ վատ, ապա դա ընդամենը սկզբից էլ որդեգրած խուճապ տարածելու, սեփական ժողովրդին ընկճելու, դիմադրողականությունը, պայքարի ոգին և իմունիզացված բարիերների ձևավորման տեմպերը խաթարելուն միտված գործողություն է:
- Ի՞նչ եք կարծում, կդիմե՞ն արտակարգ դրության ռեժիմը խստացնելու մեթոդին:
- Եթե այդպիսի բան անեն, արդեն կարելի է իրենց պաշտոնական մեղադրանք ներկայացնել, այլ ոչ թե ենթադրել: Չի կարելի մնացած բոլոր հիվանդների բուժումը, դեղերի փողը, թոշակները տանել մի բանի՝ հյուրանոցներում վարակակիրներ կամ կոնտակտավորներ պահելուն: Ընդհանրապես, մարդիկ կան, որ ոչ վարակ ունեն, ոչ վիրուս, բայց ինչ է, թե բարև են տվել վարակակրին, հյուրանոցներում փակած պահում են, բացի այդ, նման մարդկանց վրա չի կարելի ծախսել այն գումարը, որը պետք է տրվեր այն մարդկանց, որոնց հոսանքը կամ գազը կտրում են: Դա մեր բոլորիս փողն է, չի կարելի այդ փողը տանել «Մարիոթ» հյուրանոցին տալ, ես չեմ հասկանում, թե ինչ խնդիր են լուծում, որ չէին կարող ուրիշ տեղ լուծել:
- Պարոն Մանասյան, եթե վերցնենք մեր հարևան Վրաստանի փորձը, այնտեղ 600 դեպք կա ընդամենը, որից կեսն արդեն առողջացել են, երկիրն էլ հայտարարում է, որ սկսելու է օտարերկրացի տուրիստներ ընդունել, ավելի լավ չէ՞ր մենք էլ Վրստանի նման արտակարգ դրության ժամանակ ավելի խիստ լինեինք, որ այսօր նման թիվ չունենայինք:
- Մասնագիտորեն ինչքան քիչ դեպք կա երկրում, այնքան վտանգավոր է այդ երկիր գնալը, որովհետև եթե դեպքերը քիչ են, իսկ վիրուսը կա, նշանակում է խոցելի անձանց շրջանակը շատ մեծ է: Եթե դեպքերը շատ են ու վիրուսն էլի կա, դա նշանակում է, որ խոցելի անձանց շրջանակը օր օրի պակասում, փոքրանում է: Ամեն հիվանդացած ու բուժված մարդ երաշխիք է, որ վարակն իր միջոցով չի տարածվի:
- Բայց չէ՞ որ կրկնակի վարակվելու դեպքեր էլ են գրանցվում:
- Կրկնակի դեպքեր շատ հազվադեպ են լինում, Հայաստանում, օրինակ, կրկնակի դեպքերը տոկոս չեն կազմում: Նույնիսկ հարյուրից մեկը չի, մի քանի հազարից երեք հոգի է միայն: Երբ կրկնակի դեպքրի մասին խոսվում է, պետք է հաշվի առնել, որ դրանք հազարից մեկի մոտ է լինում: Ցանկացած վարակված 1000 մարդուց 999-ը այլևս կասեցնում են վարակի տարածումը: Այսինքն՝ վարակվել են, բուժում ստացել և այլևս վտանգ չեն ներկայացնում, իսկ Վրաստանում շատ ռիսկային է, եթե այդքան մարդ չի վարակվել, ուրեմն դրանք դեռ նոր պետք է վարակվեն: Երբ կարանտինով մարդկանց արգելվում է վարակվել, այդկերպ լուրջ փաստի առաջ է կանգնեցնում իր ժողովրդին: Դա միայն կարելի է անել, եթե հաջորդ օրը վակցինացնելու ես: Եթե չունես վակցինա, նշանակում է միշտ պայթունավտանգ իրավիճակ ես պատրաստում: Միշտ կարող է պայթել համաճարակը, իսկ եթե ռիսկերը փոքր պայթյուններով նվազեցրել ես, այլևս քո մոտ վտանգավոր չէ: Ես ավելի ազատ կշրջեմ Իտալիայում, եվրոպական ցանկացած երկրում, քան Վրաստանում: Այդպես փակել ու թույլ չտալ, որ ձևավորվի իմունիզացված բարիեր, դա նշանակում է՝ ցանկացած մատուցողուհու մոտ վիրուս կասկածել, իսկ Իտալիայում կարող ես չկասկածել, որովհետև եթե այդ մարդիկ վարակվել են նույնիսկ, նրանք վաղուց լավացել են և վտանգավոր չեն կարող լինել այլևս:
- Փաստորեն Դուք գտնում եք, որ ոչ թե պետք է սահմանափակումները խստացնել, այլ ավելի մեղմանել ու այդկերպ քիչ-քիչ հաղթահարե՞լ վարակը:
- Այդ ես չէ, որ այդպես եմ կարծում: Ժամանակին եթե մի ուսանող այսկերպ պատասխաներ, դա սխալ կորակեին, իսկ այսօր այդպես է ասում բժշկությունը: Առանց վակցինացիայի, առանց մոտալուտ լուրջ բուժման այդ աստիճան մահացություն ունեցող և այս տեմպերով տարածող վարակի համար մեկ ճանապարհ կա՝ բնական իմունիզացիա, որը շատ լավ հիմա ընթանում է: Ինձ համար անակնկալ էր, որ այսօր ունենք ընդամենը 79 նոր դեպք, այն դեպքում, երբ նախորդ օրերին եղել է 120, 130, նույնիսկ՝ 160: Էլի եմ ասում՝ եթե մի քանի օր սա շարունակվեց, կնշանակի, որ այս սահմանափակումների վիճակով հասել են պիկին, իսկ դրա համար բոլորիս կարելի է շնորհավորել, դա նշանակում է՝ հաղթահարում ենք: Եթե նախկինում պատերազմը վիրուսի օգտին էր, հիմա վիրուսը սկսելու է նահանջել, մեր օգտին է պատերազմը: Այս փուլում, երբ վիրուսը սկսում է նահանջել, փոխանակ հարձակվես ու ոչնչացնես նրան քո քաղականությամբ, խստացումների ավելացումը աբսուրդ կլինի: Հիմա եթե ունես ռեսուրսներ, իսկ մենք ունենք այդ ռեսուրսները, թե սարքերի, թե բուժաշխատողների թվով, ու չգնանք վարակի արմատախիլ անելուն, հաղթահարելուն, նշանակում է կան շահեր վարակի երկարաժամկետ գոյության համար, իսկ դա արդեն պետական դավաճանություն է: Դուք չեք պատկերացնի, թե ինչ աստիճանի սխալներ են թույլ տվել մերոնք մինչև այսօր ու հիմա էլ կարծես, թե միտքը ծուռ է, չի կարելի այդպիսի բան անել: