Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։
Հանրապետության շատ մարզերում և Երևանում մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերին: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել:
Ուժեղ քամու հետևանքով մարզում գրանցված վնասների մասին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում գրել է. «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային կորուստեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ»,-գրել է Տիգրան Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։
ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ այս պահին իրականացնում են վնասների վերացման, վտանգավոր տարածքների սահմանազատման աշխատանքներ: