Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը ցավում է, որ «Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սխալ մեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրաց գործընկերներին: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր դիրքորոշումը փոխանցել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության միջոցով:
«Ինձ հետ կապ են հաստատել Երևանում մեր դեսպանությունից: Նրանք հայտնել են, որ դեսպանություն են զանգահարել ՀՀ առողջապահության նախարարությունից: Զանգահարել է նախարարության միջազգային հարաբերությունների հարցով վարչության ղեկավարը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք է հայտնել, որ նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել ԶԼՄ-ների կողմից, որը վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է Զալկալիանին՝ հավելելով, որ այդ տեղեկությունը պետք է ճշտվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան՝ հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով և մեթոդաբանությամբ։