ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․
«Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց Գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի և չվճարելու հետևանքների մասին:
Պետք է նշել, որ մարդու սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկությունն անձնական կյանքի տվյալ է, իսկ ուսանողի և բուհի միջև հարաբերությունները, այդ թվում վարձը վճարելու ուսանողի պարտականությունը, պայմանները և հետևանքները տվյալ ուսանողի և բուհի միջև պայմանագրային մասնավոր հարաբերությունների կարգավորման դաշտում են, ուստի նույնպես որոշակիորեն գտնվում են ուսանողի անձնական կյանքի տիրույթում:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Գործակալությունը գտնում է, որ ուսանողի սոցիալական վիճակի և անձնական կյանքի վերաբերյալ նման տեղեկությունները նման կերպ հրապարակային հայտնելն առերեւույթ խնդրահարույց է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այնքանով, որքանով հայտնի չէ ուսման վարձը չվճարելու փաստի, դրա պայմանների ու հետևանքների մասին նման կերպ ուսանողին տեղեկացնելու (ծանուցելու, զգուշացնելու) կանոն սահմանող իրավական հիմք:
Ավելին, գտնում ենք, որ բուհի նկատմամբ ուսանողի ստանձնած պարտականությունը կատարելու (ուսման վարձը վճարելու) անհրաժեշտության և չվճարելու հետևանքների մասին ուսանողին զգուշացնելու նպատակին հնարավոր է հասնել ուսանողի անձնական կյանքին ավելի նվազ միջամտող միջոցներով (օրինակ, առանձին զրույցով, անհատական ծանուցմամբ և այլն), այնինչ նման զգուշացումն ամբողջ լսարանի առջեւ իրականացնելու և այդպիսով ուսանողի անձնական կյանքի տվյալներն այլ անձանց հասանելի դարձնելու պարագայում առերեւույթ խախտվում է նաև անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը։ Այս առիթով հորդորում ենք ուսումնական հաստատություններին զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները, հատկապես՝ անձնական կյանքի տվյալները մշակելիս, ձեռնպահ մնալ դրանց անհարկի և առանց իրավական հիմքի հրապարակումից և առաջնորդվել անձնական տվյալների մշակման սկզբունքներով։
Ընդ որում, թեև ահազանգը ստացվել է առցանց լսարանի ներկայությամբ տվյալների հրապարակման կապակցությամբ, սակայն Գործակալության դիտողություններն ամբողջությամբ վերաբերում են նաև անցանց դասապրոցեսում նույն երևույթին»: