Համաճարակը թափ է հավաքում: Մարդկանց, չբուժված՝ ուղարկում են տները: Հունիսի 2-ին պաշտոնապես 500 նոր դեպք է հայտնաբերվել՝ ռեկորդային թիվ: Ոչ պաշտոնապես, հիվանդներն առնվազն երեք անգամ շատ են, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր մարդ նվազագույնը երեք հոգի վարակում է: Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը վերջին օրերին 500-ի շրջանակում է: Այս թիվը երկուշաբթի, ճեպազրույցի ժամանակ հրապարակելով, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորացրեց ազգաբնակչության «դեպրեսիան»:
Նա ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց ցուցանիշի լավացման միտումներ չկան: Պարզվեց՝ երեկվա թիվը 240-ի շրջանակներում էր, որովհետեւ շաբաթ-կիրակի օրերին թեստեր քիչ են արվել: «Լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաեւ դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք: Լարված է մնում նաեւ հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք ամենակարեւորն են այս պահին»,- հերթական տագնապն է սփռել նախարարը: «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին պետ, համաճարակաբան Արշակ Պապոյանը կարծում է, որ նախարարը «պանիկա» է գցում, բայց այդ «պանիկային» տեր չէ: «Ես էլ ինֆորմացիա ունեմ, որ «Պրոմտեստ» լաբորատորիայի մոտ, որը վճարովի թեստավորում է, բազմաթիվ մարդիկ հերթ են կանգնում, իմանալով, որ իրենց հիվանդ հարազատի, բարեկամի հետ շփում են ունեցել, հերթ են կանգնում, որ 20 հազար դրամով ստուգվեն ու հանգստանան: Բայց մարդիկ չպետք է հերթ կանգնեն: Մարդու համար թեստը պետք է հասանելի լինի: Ի վերջո, եթե պանիկա ես գցել, մարդն էլ տեսնում է, որ ինքը ջերմություն ունի, խառնվում է իրար: Ուրեմն, պետք չէր տագնապ սփռել: Կամ՝ նկարում են, ինտերնետ են գցում փորի վրա պառկած, ծանր վիճակում, ապարատներին միացված հիվանդների։ Ինչի՞ համար են դա անում»,- հարցնում է համաճարակաբանը: Նրա հարցին պատասխանեցինք. «Այդպես են անում, որովհետեւ շատերը չեն հավատում, որ կորոնավիրուս կա»: «Դրա համար պետք է հրավիրել բժիշկների, որոնց ժողովուրդը հարգում է ու սիրում է, ոչ թե նախարարը խոսի, վարչապետը խոսի, ասի՝ կա կամ չկա: Իսկ վարչապետը խոսում ու ցույց է տալիս, թե դիմակը սենց կամ նենց պետք է դնել: Դա ի՞նչ բան է: Հաջորդ օրն էլ իմանում ենք, որ նա հիվանդացել է: Այդ ամենը գալիս է չհամակարգված, չմտածված քայլերից»: Արշակ Պապոյանին հարցրինք թեստավորող լաբորատորիաների մասին: Վճարովի թեստերն արգելվա՞ծ են, թե՞ ոչ: Մարդիկ լավ չեն հասկանում: Փաստորեն, ոչ թե երեք լաբորատորիա է դրանով զբաղվում, ինչպես հրամայել է նախարարը, եւ Սամվել Ալեքսանյանի «Նատալին», այլ նաեւ «Վարդանանց» ԲԿ-ն, նաեւ՝ «Պրոմտեստը»: Բայց քաղաքացին չգիտի ում դիմի, որ չասեն, որ արգելված է: «Դա է ոչ մտածված, րոպեի ազդեցության տակ ընդունած որոշումների հետեւանքը, երբ որ մի քանի հոգով որոշել են, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Հավատացնում եմ՝ բազմաթիվ խելոք մարդկանց, որոնք մի քիչ հասկանում էին համաճարակաբանությունից, մոտ էլ չեն թողնում այդ հարցերին: Կոնկրետ մեզ մոտ չի թողնում նախարարը, որովհետեւ մեզնից նեղացել է: Գիտեք, երեւի ՁԻԱՀ կենտրոնի պատմության հետ կապված: 80 հոգով գրեցինք, բացատրեցինք, ոչ մեկին դա չհետաքրքրեց»:
Իմունիտետի հարցերով աշխատանքի մեծ փորձ ունեցողներն այսօր դրսում են: Պատճառն այն է, որ նախարար Արսեն Թորոսյանը որոշել է մենակ գործ անել, լավագույն դեպքում՝ ընկերներով: «Մեկի հետ էս հարցով չունի, մյուսի հետ՝ մյուս հարցով: Դրա համար պետք է մի մարդ, որը կարողանա համախմբել բոլորին, ստեղծեն միասնական մոտեցում ու գնան առաջ»,- առաջարկում է Արշակ Պապոյանը: Գլխավոր համաճարակաբանի պաշտոնը վերականգնելու կարիք չկա:
«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը կատարում է իր առաքելությունը, եւ խնդիրը պաշտոնի մեջ չէ: Վրաստանում էլ գլխավոր համաճարակաբանի հաստիք չկա, բայց տեսեք այնտեղի արդյունքը: Հարցն այն էր, որ առողջապահական համակարգը կարողանա ճիշտ կատարել իր խնդիրները: Երբեւիցե դուք չեք տեսնի, որ Վրաստանում առողջապահության նախարարը խոսի դիմակ-միմակի մասին: Մարդիկ, լուրջ նստած, գործի կազմակերպմամբ են զբաղվել: Իսկ դիմակ կրել սովորեցնելը կարող էին թողնել մասնագետներին: Իրենք պետք է մասնագետների հետ քննարկելով, անեին ավելի լուրջ գործեր, ինչը չեն արել»: Նա կարծում է, որ մաքուր օդին դիմակ դնել պետք չէ, որ ձեռնոցի էֆեկտը զրո է, որ վարակի հիմնական տարածումը լինում է փակ կոլեկտիվներում, որտեղ կա շփում: «Նույն Իտալիան, Իսպանիան, Բրիտանիան այդպես «պայթեցին»: Բրիտանիայում դեպքերի 1/3-ը եղել է ծերանոցներում, երկրորդ էտապում Իտալիայում վարակի աղբյուր էր հիվանդանոցը, որտեղ շատ մարդ կար, եւ սորտավորումը հնարավոր չէր ժամանակին անել ու կանխել տարածումը: Հիվանդանոցները դարձան տարածման աղբյուր: Կոլեկտիվներն են հիմնական վտանգը՝ նույն կարի արտադրամասերը, որտեղ մեծ քանակով մարդիկ իրար հետ շփվում են ու իրար հետ հաց են ուտում, ինչպես եղավ մեզ մոտ»: Իսկ փողը վարակի աղբյուր հազիվ թե հանդիսանա. «Կա գերմանացի գիտնականների լուրջ հետազոտություն, որից հետեւում է, որ փողի եւ այլ մակերեսների վրա հայտնաբերվում են վիրուսներ, որոնք ունակ չեն բազմանալու»:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/dd352431fa4b22028e2cb6c991b93167