«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:
Ինչևէ, Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»: Այս ոչինչ չասող տեքստը բազում հարցեր է առաջացնում: Մասնավորապես, արդյոք Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդ մասին ասել։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով նաև առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանի ձևակերպումներից մեկը՝ կապված հեռացող պաշտոնյաների հետ: «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»,– նշել էր վարչապետը` թիմից հեռացող կադրերի մասին խոսելով: Հետաքրքիր է՝ Անանյանի հեռանալը անհանգստացնո՞ղ դեպքերից է, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով: «Որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է ուսումնասիրություն: Լայնածավալ ուսումնասիրություն է», – հավելեց նա: Արդյոք այս ստուգումներն ու հնարավոր բացահայտումները կարող էին աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Մեր տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։ Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, և կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաև Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերևս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում չի բացառվում, որ նա ևս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: