«Հրապարակ»-ը գրում է․ «Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։ «Նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասաց ոլորտի պատասխանատուն:
Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան՝ էդ էլ հո ծխախոտի կոնտրաբանդա չէ՞։ «Նախ, հնարավոր է և ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, և ապա` հարգելի պատճառ է` հետ են գնում իրենց երկիր»: Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»: Տեղորոշման օրենքի միջոցով գաղտնալսե՞լ եք։ «Ոչ, նրանց հարազատը սկսել է տեղ ման գալ, թե որտեղ պետք է մեկուսանան, մեր հիվանդանոցների տնօրեններից մեկին պարզ ասել է, որ հիվանդ են, այդպես ենք իմացել»: Բա ի՞նչ եք արել։ «Շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք հիվանդանոց` բուժման»: Բա էն յոթանասունը։ «Բարդ է, նրանք, այսպես թե այնպես, պետք է ինքնակամ ինքնամեկուսանան, նրանցով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները»: Կանե՞ն։ «Պարտավոր են»»:
Մանրամասները՝ թերթի համարում։