«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրեւանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք ու տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա պաշտոնանկությանը, բայց ո՞վ պետք է ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանը։

Իսկ նա, չգիտես ինչու, մեզ մեղադրում է իր անձնական կյանք ներխուժելու եւ իրեն «քաղաքական խաղերի» մեջ ներգրավելու համար, կարծես թե այդ հարսանիքը մենք ենք կազմակերպել։ Ինչ վերաբերում է քաղաքական խաղերի մեջ նրան ներգրավելուն, ոչ ոք նրան չի մեղադրել դրանում, ընդամենը ներկայացրել ենք երկրում ստեղծված ռեժիմի պայմաններում բազմամարդ հարսանիք անելու փաստը՝ զուգահեռներ անցկացնելով տնօրեններին եւ ուսուցիչներին աշխատանքից ազատելու իրավիճակների հետ, երբ նրանք ընդամենը շրջանավարտներին ատեստատներ էին հանձնել՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը։


Ինչեւէ, մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել ճակատագրական հարսանիքից։ Նախ, մեզ ասացին, որ շտապելու պատճառը եղել է այն, որ փեսացուի տատիկներից մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կարող է չապրեր մինչեւ արտակարգ դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը եւ մասնակցի այդ արարողությանը։

Բայց կարծել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից եւ ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը ծածուկ կմնա եւ լուրջ հետեւանքներ չի ունենա։ Փաստորեն, չստացվեց։

Հարսանիքի քավոր կանգնել է Արտակ Դավթյանի տեղակալը՝ Ստեփան Գալստյանը։ Հարսանեկան սեղանին վայրի խոզի միս են մատուցել, որն ուղարկվել էր Արցախից՝ Քարվաճառի կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ցավոք, ո՛չ Արտակ Դավթյանը, ո՛չ նրա տեղակալները, ո՛չ էլ Ա․ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեցին, որ նրանց խոսքը ներկայացնեինք։ Կորպուսի հրամանատարը, ասացին, դիրքեր է բարձրացել, մյուսները հեռախոսազանգերին չեն պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում