Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խմբին, որում ընդգրկված են բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմի ներկայացուցիչներ, տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին` կառավարության ղեկավարը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալու խորությամբ և համակողմանիորեն վերլուծել Արցախի տնտեսական զարգացման եղանակները և հեռանկարները` ներկայացնելով մասնագիտական գնահատականներ:

Խմբի անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ խորհրդարանի պատգամավոր, համալսարանի դասախոս Հրանտ Բագրատյանը ներկայացրել է տնտեսական այն ոլորտները, որոնք, խմբի կարծիքով, կարիք ունեն առաջնահերթ ուսումնասիրության և վերլուծության: 

Այնուհետև քննարկվել են խմբի աշխատանքային գործունեության կազմակերպման և համակարգման հարցեր: Ուսումնասիրություններն արդյունավետ իրականացնելուն աջակցելու նպատակով հանդիպմանը մասնակցում էին հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և պատասխանատուներ, ովքեր գործուն մասնակցություն են ունենալու նախատեսվող աշխատանքներին: Այդ ուղղությամբ ևս կայացել են համապատասխան պայմանավորվածություններ:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: