«Սթար» սուպերմարկետների ցանցը շարունակում է մնալ խոր ֆինանսական ճգնաժամային փուլում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Իհարկե, կան նաեւ խոսակցություններ, որ այդ ճգնաժամն արհեստական է...

Բայց փաստ է, որ սուպերմարկետների ցանցը, որ տեւական ժամանակ առաջ պարտքեր էր կուտակել իր մատակարարների նկատմամբ, առ այսօր դեռ չի մարել այդ պարտքերը։ Օրինակ՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ընկերությունը դեռեւս 2011թ. նոյեմբեր ամսից չի կարողանում «Սթար»  սուպերմարկետների ցանցից իր գումարը ստանալ։ Ընկերությունը պարբերաբար լավաշ է մատակարարել սուպերմարկետների ցանցին, բայց վերջիններս գումարն ամեն անգամ վճարել են ոչ ամբողջական։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գառնիի «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, «խուլիգանի նման ամեն օր էսօր-էգուց ասելով ժամանակ են շահում»։

Ներկա պահին որքա՞ն գումար է Ձեր ընկերությանը պարտք «Սթարի» տնօրինությունը։

Կուտակված պարտքը 23 մլն դրամ է կազմում։ Հիմա էլ ասում են, թե իրենց տնօրենը, չգիտեմ ում պատճառով, փախած է։ Ասում են, որ ինքը կգա եւ անպայման պարտքը կտանք...»,- մեջբերում է «Իրավունքը» :