«Հրապարակը» գրում է, թե հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլեւ այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթեւեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով: Ինչպես մնացյալ, այդպես էլ այդ ոլորտում կան հավասարներ ու էլ ավելի հավասարներ:

Ասել է թե` «սիրելի կանանց եւ տղամարդկանց» ավտոմեքենաների տուգանքները մուծում է «անձամբ» ԱԺ-ն, իսկ մյուսներն իրենք են մուծում իրենց տուգանքները:

Ինչո՞ւ եք այդպիսի խտրականություն դրսեւորում՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին: «Չէ, համարյա չկա նման բան, տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս. դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են: ԳԱԻ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ: Իսկ մնացածները, եթե խախտումներ են թույլ տալիս, իրենք գնում-մուծում են»: Հովիկ Աբրահամյանն է՞լ է մուծում: «Չէ, իրեն խախտում չի գալիս»: Ինչո՞ւ: «Դե, որպես անվտանգության խորհրդի անդամ, չեն ուղարկում»: Անվտանգության խորհրդի անդամը վե՞ր է բոլորից: «Չէ, էդ էլ են նայում որպես պետական գործ»:

ԱԺ մեր մյուս աղբյուրն էլ պնդում է, որ պատգամավորներին ընդհանրապես տուգանքներ չեն գալիս՝ տեսագրությունները «վերծանելիս» որոշակի համարներ հանվում են. պետական եւ այլ «արտոնյալ» մեքենաների ցանկ կա, որոնք չեն տուգանվում: