Վերջին 10 օրվա համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազումը միայն հանրության վարքագծի փոփոխության շնորհիվ է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ վերջին շրջանի զանգվածային հակահամաճարակային շարժումը տալիս է իր դանդաղ արդյունքները:
«Չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը»,- հայտնել է նախարարը:
Այդուհանդերձ, նա նաև նշում է, որ իրավիճակը մնում է շատ լարված, և բոլորը պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրեն այն բարելավելու համար:
«Անխտիր բոլորս պետք է կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»,- հիշեցնում է Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նաև վիճակագրական աղյուսակ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ըստ նախնական կանխատեսումների` կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանում հունիսի 13-ից հետո կարող էին գերազանցել 20 000-ը, բայց պարտադիր դիմակներ կրելու որոշման շնորհիվ կանխատեսումները չիրականացան: Այսօրվա տվյալներով` հաստատված հիվանդների թիվը 18 000 է:
Հիշեցնենք՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 544–ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 818 մարդ, կատարվել է 87 600 թեստավորում, առողջացել են վարակվածներից 6814–ը։
Գրանցվել է մահվան 302 (+9) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։