Քորնուլը հարավ-արևմտյան Անգլիայում գտնվող հրաշալի մի վայր է, որը լի է Արթուր թագավորի մասին լեգենդներով և հեքիաթներով։ Այնտեղ են գտնվում Հելիգանի կորած պարտեզները։ Այն Եվրոպայի ամենամեծ բուսաբանական այգին է, որը զբաղեցնում է 80 հեկտար տարածք, և հրաշալի վայր է զբոսաշրջիկների, բնությունը սիրողների և ռոմանտիկ մարդկանց համար։

 

Հելիգանը իր մեջ շատ գաղտնիքներ է թաքցնում, որոնցից մեկն, այսպես կոչված, «Հողե օրիորդ»-ի քանդակն է, որը ստեղծվել է տեղացի արվեստագետներ Փիթ և Սյու Հիլլերների կողմից։

Այն ստեղծվել է 1997թ-ին և դարձել «Կորած այգիներ»-ի անբաժան մասը։
«Հողե օրիորդ»-ը կենդանի քանդակ է, ինչը նշանակում է որ նրա «հանդերձանքը և մազերը»՝ կախված տարվա եղանակից՝ խոտի, բաղեղի և մամուռի հետ աճում ու չորանում են՝ փոխելով իր տեսքը։

 


Քանդակը պատրաստված է փայտե շրջանակից, որի վրա ավելացված է կավե շերտ։ Քանդակի դեմքը պատրաստվել է ցեմենտի, ավազի և կավի խառնուրդից։

Ի սկզբանե քանդակը պատված է եղել յոգուրտով, որպեսզի այն նպաստի քարաքոսերի արագ աճին։


«Օրիորդի» գլխի հատվածում աճում են անտառային կրոկոսմիաներ, իսկ հագուստի հատվածում՝ մագլցող բույսեր։