2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել:
Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: