Ելակետ լրատվականի/Yelaket.am-ի զրուցակիցն է Մարկ Արենը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը «Այնտեղ, որտեղ աճում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի հաջողության, ստեղծագործ և նորարար մտքերի քարկոծման, երազանքներին հավատալու և երազելու մասին:
-Ինչի՞ մասին եք ամենաշատը սիրում գրել:
-Դա նույնն է, ինչ, ասենք, կոմպոզիտորին հարցնել, թե որն է նրա ամենասիրելի նոտան: Ի դեպ, նոտաների մասին: Քչերը գիտեն, որ կար ժամանակ, երբ նոտաները հինգն էին, ապա նրանք դարձան վեց:«Si» - յոթերորդ նոտան հայտնվել է շատ ավելի ուշ։ Ուստի, կան վաղ ստեղծագործություններ, որոնք հնարավոր էր գրել վեց կամ հինգ նոտաների միջոցով։ Իսկ ես կարծում եմ, որ նոտաներն իրականում ութն են, և գլխավորը դադարն է, քանի որ առանց նրա երաժշտությունն անհնար է ի սկզբանե։ Բացի այդ՝ հենց նա է փոխանցում տրամադրությունը թե՛ կատարողի, թե՛ ստեղծագործության։
-Ի՞նչ է պետք գրողին կյանքից:
-Փոխադարձություն։ Չափից շատ սիրելով կյանքը՝ նա երազում է, որ այդ սերը լինի փոխադարձ։
-Ո՞րն է Ձեր վեպերի՝ հիմնականում բաց վերջաբան ունենալու նպատակը:
-Ես ուզում եմ ընթերցողին տալ ստեղծագործական նախաձեռնության դաշտ, հնարավորություն, իրավունք։ Ուզում եմ, որ նա դառնա իմ ամբողջական լիարժեք համահեղինակը։ Իր միջով անցկացնելով կարդացածը և վերապրելով սեփական յուրահատուկ հույզերն ու զգացողությունները՝ մտովի ավարտի այն՝ համազոր իր անձնական ընկալման։
-Ստեղծագործ ու նորարար մտքերը մի՞շտ են քարկոծվում:
-Բարեբախտաբար, այո՛։ Խոսքի, տարիներ առաջ ենթադրեցի, որ ժամային գոտիների հետ կապված վոլյունտարիզմական քաղաքականության պատճառով, երկրի վրա ժամանակի տարբերությունը կարող է գերազանցել ձգողականությամբ սահմանված 24 ժամը: Եվ պատկերացրեք, որ իմ ենթադրությունը ճշմարիտ էր։ Դրա մեջ կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, ով իր սմարթֆոնի վրա ունի «Համաշխարհային ժամացույց» ֆունկցիան։ Խոսքի համար ուշագրավ է այն փաստը, որ 2675 կմ հեռավորության վրա գտնվող Ալոֆի և Կիրիտիմատի քաղաքների միջև ժամանակային տարբերությունը կազմում է 25 ժամ։ Այսինքն, դեռեւս Ալոֆիում, ասենք, անհոգ շաբաթյա երեկո է, իսկ Կիրիտիմատիում սկսվել է նողկալի երկուշաբթին: Եվ քանի որ իմ երրորդ էությամբ ես ֆինանսիստ եմ, այսինքն՝ դրամական նշանների գաղափարական մարտիկ, ապա հիմա մտածում եմ, թե ինչպես դա կարելի է օգտագործել շահադիտական նպատակներով։ Գոնե գրականության մեջ կրիմինալ սյուժե ունեցող մի նոր վեպի միջոցով։
Իսկ իմ առաջին գյուտը կապված էր համակարգչային հիշողության վերահսկման հետ, և ըստ ամերիկյան «Էլեկտրոնիքս» ամսագրի՝ նա գերազանցեց IBM-ի դասական տարբերակը։ Հաջորդ անգամ ինձ հաջողվեց չեզոքացնել Բելլմանի «Չափավորություն անեծքը», որը խոչընդոտում էր բարդ համակարգերի հետազոտություններին: Տարիներ անց, նկատելով հատուկ թվերի դասում զարմանալի կանոնավորություն, հիմնավորեցի և ապացուցեցի համապատասխան թեորեմը, որը լույս տեսավ մեր գիտության ակադեմիայի ամսագրում։ 80-ական թվականներին, աշխատելով գերմանական Կարլսրուեի համալսարանում բացահայտեցի «Ամենի տեսությունը», ըստ որի՝ աշխարհը ղեկավարվում և ենթարկվում է No + $ = Yes պարզ, բայց հրեշավոր բանաձևին: 90-ականների վերջում ստեղծեցի «Ազգային դիվիդենդի» քաղաքատնտեսական գաղափարը և 20 տարի անց, ինչպես և կանխատեսել էր իմ ուսուցիչ, ակադեմիկոս Լվովը, նա գտավ իր համաշխարային ճանաչումն ու կիրառումը Անվերապահ հիմնական եկամուտի օրենքի տեսքով։ Այժմ ավարտին է մոտենում մի նոր քաղաքատնտեսական գաղափարի հետ կապված աշխատանքը, ինչը հնարավորություն կտա առանց որևէ վնասի պետական բյուջեի համար նետել պատմության աղբանոց բոլոր հարկերը։ Վստահ եմ, որ նա նույնպես կունենա միջազգային ճանաչում, և մի օր նրան կհյուրընկալի նաև Հայաստանը։
Դրա հետ մեկտեղ, վերլուծելով Բելառուսի տնտեսական տվյալները, գտա փոխկապակցվածություն ժամկետանց դեբիտոր պարտքերի աճի և տնտեսական զարգացման տեմպերի միջև, և մշակեցի ոչ դրամական հաշվանցումների ալգորիթմ համապատասխան հարկային գործակալների միջև։ Գրելով Կոմիտասին նվիրված իմ՝ «Վիլ-Էվրար» ստեղծագործությունը, ես կատարեցի և արտացոլեցի այնտեղ պատմական հայտնագործություն, պարզելով, որ հրեական հոլոքոստի և Սողոմոն Թեհլերյանի փրկության ակունքներում կանգնած էր նույն մարդը՝ Բեռլինի նյարդային հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր Էդմունդ Ֆորսթերը։ Մի խոսքով՝ ապրում եմ ստեղծագործ ու նորարար մտքերի մշտական քարկոծանքի տակ, և հենց դա է ապահովում իմ ամենօրյա հոգևոր սնունդը։
- Ու՞ր է տանում մարդկանց ուրբանիզացիան:
-Արդեն բերեց։ Մոտակայում սպասվում է անցում դեպի նոր տեխնոլոգիական կենսակարգ, որտեղ «եղանակ ստեղծողները» լինելու են ռոբոտները։ Մարդիկ զանգվածաբար կսկսեն զրկվել աշխատանքից։ Բիլ Գեյթսը և Google-ի տնօրեն Ռեյ Կուրցվեյլը բարեհամբույր են տրամադրված։ Նրանք կարծում են, որ տեխնոլոլոգիական կենսակարգերը փոխվել են և անցյալում, բայց, շնորհիվ նոր բացահայտված հնարավորությունների, իրականացվել է աշխատուժի տեղահոսքը դեպի նոր ոլորտներ։ Այո՛, դա այդպես էր։ Օրինակ՝ շոգեմեքենայի հայտնվելուց հետո արհեստավորները ստիպված դարձան վարձու աշխատողներ, իսկ Ֆորդի կոնվեյերը վերահղեց ազատված աշխատաձեռքերը դեպի նորաստեղծ ծառայությունների ոլորտ։
Այս անգամ ամեն ինչ կլինի այլ կերպ, քանի որ մարդու համար նոր ոլորտներ այլևս չեն լինի։ Ռոբոտները կփոխարինեն մեզ բոլորիս՝ բացի քահանաներից։
Առաջին հերթին կդատարկվեն մեծ ուրբանիստական կենտրոնները։ Պայքար կսկսվի մշակվող հողի յուրաքանչյուր կտորի համար։ Այնպես որ, սկսեք պահեստավորել մանգաղներ ու փոցխեր։
-Եվ ի՞նչ, փրկություն չկա՞։
-Իհարկե կա, բայց ոչ ոք այդ մասին չգիտի։ Ոչ ոք՝ բացի ինձանից։
Պետք չէ ուղղակի նույնիսկ երազել, որ մենք ի վիճակի կլինենք մրցակցել ռոբոտների հետ, դա անհնար է ի սկզբանե, որովհետև սա կլինի այն դեպքը, երբ սաները, ի դեմս ռոբոտների, կգերազանցեն ուսուցիչներին, ի դեմս մարդկային քաղաքակրթությանը։ Բայց միայն մեկ վերապահումով՝ ռոբոտների սկզբնական սերունդները մրցակցությունից դուրս կլինեն միայն նրանում, ինչը նրանց սովորեցրել է մարդկությունը։ Իսկ ինչը մենք չգիտենք, նրանց համար անհասանելի է, քանի դեռ մենք ինքներս չենք տիրապետում դրան այնքանով, որ կարողանանք ֆորմալացնել ռոբոտներին օժտելու համար։
Ուստի մարդկությունը պետք է ստեղծի իր համար զբաղվածության մի նոր ոլորտ, որը սկզբունքային ձևով տարբերվում է այն ամենից, որով նա զբաղված էր նախորդ հազարամյա տարիները: Իմ համոզմունքով՝ դա հուզային ինտելեկտի աշխարհն է: Ես բառացիորեն խոսում եմ այն մասին, որ մարդկության փրկությունը լինելու է այն, որ Մարդ բանականին պետք է փոխարինի Մարդ հուզականը։ Եվ եթե Մարդ ուղղաքայլը հագեցնում էր հույզերի ծարավը իր բնական, իսկ Մարդ բանականը՝ իր բանական կարիքների գոհունակությամբ, ապա Մարդ հուզականը դրան կհասնի իր հույզերի ուղղակի գոհունակության կերպով։ Այդ պատճառով՝ մենք պետք է մեր երեխաների մեջ սերմանենք և զարգացնենք հուզային բանականությունը, քանի որ բանականը նրանց հազիվ թե օգտակար լինի։ Հետևաբար, զիջելով ռոբոտներին մեր կենսական կարիքների հոգսը ինքներս մեզ համար կստեղծենք նրանց առայժմ անհասանելի հույզերի տնտեսությունը և ինդուստրիան, որը հիմնված կլինի մեր հուզային բանականության վրա և կծառայի նրան, որպեսզի յուրաքանչուրիս մեծագույն կարիքը դառնա ոչ միայն իր մերձավորների, այլ նաև անծանոթ մարդկանց երջանկությունը։
-Իսկ հետո՞։
-Հետո, տիրապետերով հուզային բանականության բոլոր գաղտնիքներին, Մարդ հուզականը կֆորմալացնի այդ ամենը, և օժտելով հույզերի տնտեսության հոգսը ռոբոտների վրա՝ կզիջի պատմական բեմը Մարդ հոգևորին, որը կզարգացնի իր հոգևոր բանականությունը։
-Իսկ հետո՞։
-Իսկ հետո Մարդ հոգևոր կֆորմալացնի հոգևոր բանականության էությունը, կօժտի այն ռոբոտներին, որից օգտվելով նրանք կապստամբեն մարդկության դեմ և պատերազմից հետո նորից պատմական բեմ դուրս կգա Մարդ ուղղաքայլը...
-Հայրենիքի Ձեր բնորոշումը:
-Դա ապրիլյան պատերազմի առաջին օրն էր։ Դեսպանատանը ականատես եղա, թե ինչպես սպորտային հագուստով մի անթրաշ երիտասարդ պահանջում էր, որ իրեն ուղարկեն Հայաստան։ Պարզվեց, որ դզող փչող է Տվեր քաղաքից։ Մեծացել է մանկատանը, իսկ բանակում պարտքը կատարելուց հետո մեկնել իր բախտի ետևից՝ Ռուսաստան։ Տեղեկանալով պատերազմի սկսվելու մասին՝ մեկնել է Մոսկվա, սակայն ճանապարհին կորցնում է փաստաթղթերը և հիմա պահանջում է, որ իրեն Երևան ուղարկեն թեկուզ բեռնատար խցիկով։ Եվ երբ նրան ասացին, որ սկզբում պետք է ստեղծել ինչ- որ փաստաթուղթ, այդ 20-ամյա երիտասարդը պատասխանեց, որ հանուն հայրենիքի մահանալու համար փաստաթուղթ պետք չէ։
Հուշագրավ է, որ երկրորդ դեպքը նույնպես տեղի ունեցավ մեր Մոսկվայի դեսպանատանը։ Համաճարակի կիզակետում՝ այնտեղ, հարցազրույց էր տալիս Հանրային հեռուստաընկերությանը՝ «Անատոլիական պատմություն» ֆիլմի պրեմիերայի հետ կապված։ Եվ ականատես եղա, թե ինչպես էր մեր դեսպանը՝ Վարդան Տողանյանը, ոչ մի րոպե չդադարող հեռախոսով շփվում քաղաքացիների, ավիաընկերությունների, օդանավակայանների, մաքսայինների, սահմանապահների, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ, և նորից շրջագծով պնդում, պահանջում, համոզում, սպառնում, կոչ անում ընկերական զգացմունքներին, իսկ պետք եղած ժամանակ աղաչում, որ օգնեն տուն հասնել դրսում մնացած հազարավոր հայերին։ Եվ երբ ես խոսեցի նրանցից մեկի հետ, թե ինչու է նա այդքան ձգտում ետ դառնալ Քյավառ, նա պատասխանեց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, նա կվերադառնա Պերմ, իսկ եթե ոչ, և բոլորին վիճակված է մեռնել, ապա նա ցանկանում է հանդիպել իր մահվանը հայրենիքում։
-Սիրել, թե՞ սիրված լինել:
-Դուք ձուկ ուտու՞մ եք։
-Այո...
-Ինչու՞։
-Որովհետև սիրում եմ։
-Սիրու՞մ եք ձուկը։ Եվ դրա համար ձուկը կտրեցին իր միջավայրից, սպանեցին ու եփեցի՞ն։ Մի ասեք ինձ, որ սիրում եք ձուկը, դուք ձե՛զ եք սիրում, ձե՛զ։ Եվ հենց այն պատճառով, որ ձեզ դուր է գալիս ձկան համը, նրան որսացել են, սպանել և եփել՝ ըստ ձեր սիրած ռեցեպտի։ Հաճախակի այն, ինչ համարում եք «սեր», նմանեցնում է ձեր սերը ձկան հանդեպ։
Ահա երկու սիրահարներ՝ հենց նույն Քեթն ու Դենը: Նա տեսնում է Դենի մեջ մեկին, ով կբավարարի իր ամեն և բոլոր սպասումները։ Դենը նույնպես տեսնում է ի դեմս Քեթի իր երազների աղջկան։ Բայց նրանցից յուրաքանչյուրը՝ և՛ Դենը, և՛ Քեթը, մտահոգված են միմիայն իրենց կարիքներով։ Թրքուհին չէր կարող մարմնավորել Դենի երազների աղջկան։ Իսկ Քեթը պատրաստ չէր ասել ինքն իրեն. «Ես նրան բաց եմ թողնում։ Որովհետև սիրում եմ»։ Նրանք չէին սիրում, այլ ընդամենը պատրաստվում էին օգտագործել միմյանց, որպեսզի բավարարեն իրենց կարիքները։ Շատ բաներ, որոնք մենք՝ մարդիկ, կոչում ենք սեր, դա պարզապես սեր է ձկան նկատմամբ։ Սիրո լեյտմոտիվը այն է, թե ինչ եմ երազում տալ, այլ ոչ թե ստանալ։ Նա բերում է կամավոր անձնազոհության ու ինքնազոհման, և հենց այդ պատճառով հազվադեպ է նույնքան, որքան կարմիր ադամանդը։
-Ընկերությունից սեր մեկ քա՞յլ է:
-Երկու։ Հիմնականում տղամարդկանց և կանանց քիչ թե շատ լուրջ հարաբերությունները զարգանում են հետևյալ տրամաբանությամբ՝ օտարներ - ծանոթներ - ընկերներ - մտերիմ ընկերներ - սիրեկաններ - օտարներ։ Ոչ ոք երբևէ չի կարող դառնալ այնքան օտար, քան նա, ում անցյալում սիրել ես։ Կտրվում է մի խորհրդավոր թել, որը կապում է նրան քո երևակայության հետ։ Նրա և քո միջև դեռ լուսնյակներ են պտտվում, մի բան է շողշողում՝ ասես մարող, ուրվական աստղեր։ Բայց դա մեռած լույս է։ Այն գրգռում է, բայց այլևս չի բոցավառում. զգացմունքների անտեսանելի հոսանքն ընդհատվեց...
-Երբ ընթերցում էի «Այնտեղ, որտեղ աճում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը, այս տողերը երկար մտորելու տեղիք տվեցին. «Նա բարի ու խելացի մարդ է: Իսկ այդպիսին հազվադեպ է հանդիպում չէ՞,որ խելացին բարի լինի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Խելացի մարդիկ շատ հաճախ բարի են լինում։ Պարզապես բարի մարդիկ ոչ բոլորի կողմից են ընկալվում որպես խելացի։
- «Անատոլիական պատմությունը» Հայաստանում ամենաշատ ընթերցվող գրքերից մեկն է, գիտեմ նաև, որ գիրքը պարսկերեն է թարգմանվել: Ո՞րն է գրքի հաջողության գրավականը:
-Ամբողջ գաղտնիքը նրա համամարդկային էության մեջ է, քանի որ նմանատիպ դեպք, վստահ եմ, կարող էր տեղի ունենալ հրեաների և արաբների, հնդիկների և պակիստանցիների, բասկերի և իսպանացիների միջև։ Ուղղակի այդ դեպքում վեպը կանվանվեր ոչ թե անատոլիական, այլ պաղեստինյան, քաշմիրյան, իբերիական կամ ինչ -որ մի այլ պատմություն։
-Ըստ Ձեզ՝ ինչու՞ է լավ գովազդը գրողին միշտ ճանաչում բերում:
-Կյանքը ցույց տվեց, որ լավ գովազդը կարող է ճանաչում բերել նույնիսկ Ջորջ Ֆլոյդին։
-Ե՞րբ է անհատը դադարում հավատալ երազանքներին:
Երբ հիասթափվում է իր իդեալներից կամ ճնշվում կողքից։ Անբարենպաստ հանգամանքները հնար չեն տալիս իրականացնելու իր երազանքները, և նա հրաժարվում է պատրանքներից՝ գիտակցելով նրանց անարժեքությունը։ Բայց պետք է անպայման երազել։ Որպեսզի լինի այն, ինչը առավոտյան կհանի ձեզ ոտքի։ Որովհետև երջանկությունն այն է, երբ երազանքը հանդիպում է ճակատագրին:
-Ինչի՞ մասին է այսօր երազում Մարկ Արենը:
-Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդառնան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի, և բոլոր հայերս դրանում կհամոզվենք:
Այդպիսին է իմ երազանքը: Դա բաղձանք է, որով ես սիրով կիսվում եմ ձեզ հետ։ Որովհետև միայն այդ երազանքով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ երազանքով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի: Այդ երազանքով մենք կարող ենք միասին աշխատել, միասին աղոթել, միասին պայքարել, միասին կրել զրկանքներ, միասին պաշտպանել ազատությունը՝ իմանալով, որ մի օր մենք կլինենք ազատ և արժանի մեր նախնիների վիթխարի զոհին:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը