2013 թվականի հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն` Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ է տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն ՀՀԿ թեկնածուի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում և գրիչների վրա հատուկ սարքավորումներ են տեղադրված, որոնց միջոցով ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել: Բացի այդ, Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե նրանք ընտրեն ՀՀԿ թեկնածուին:
ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հոդվածն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում նշված փաստերն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագրությանը` հրապարակման մեջ նշված փաստերն հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով, սակայն խմբագրությունից ստացված պատասխանից պարզվել է, որ այդպիսիք չկան, հրապարակման համար էլ հիմք է հանդիսացել անանուն ահազանգը:
Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու և իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՔԾ ներկայացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ևս կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հաստատվել, և նման անձինք չեն հայտնաբերվել: Չի հաստատվել նաև ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի` բնակիչներին ջրատարներ անցկացնելու և սոցիալական օգնություն ցույց տալու խոստումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբի ներկայացուցիչներ Գագիկ Բենիամինյանից ու Ստեփան Խաչատրյանից, ովքեր նույնպես հերքել են «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվությունը:
Նկատի ունենալով, որ «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում են քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքերը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով`հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած իրավաբանական անձին` «ԱՏՀԿ ՀԱՄԱԿԱՐԳ (lragir.am)» ՍՊԸ տնօրենին և պարզաբանվել որոշման բողոքարկման կարգը: