Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումներին երեւանցիներն արձագանքեցին ոչ միայն բողոքի զանգվածային ակցիաներով, այլեւ իրենց բնորոշ հումորով: Աշխատանքից հետո բազմաթիվ քաղաքացիներ տուն էին վերադառնում գնումներով եւ, դրամ հաշվելով, ցած էին գցում մե՛կ մետաղադրամները, մե՛կ պայուսակները:

Հանուն արդարության նշենք, որ վարորդները նախապես 50 դրամանոց մետաղադրամների պաշար էին հավաքել՝ մանրը վերադարձնելու համար: Ամեն դեպքում, ուղեւորները վճարում էին ոչ այնքան արագ, ինչպես նախկինում՝ ուղեվարձի թանկացումից առաջ: Տրանսպորտի թանկացումների շուրջ բուռն քննարկումների ընթացքում ժողովուրդը նաեւ առաջարկեց 150 դրամ անվանական արժեքով մետաղադրամ թողարկել:

Ուղեւորներից ոմանք նույնիսկ առաջարկեցին մետաղադրամի վրա տեղադրել… ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կիսադեմը՝ հասարակական տրանսպորտի ոլորտում թանկացումների գործում «վաստակի» համար: Սակայն, դատելով ուղեւորների արձագանքից, մեր քաղաքացիներն այնքան էլ միամիտ չեն, եւ շատ լավ հասկանում են, որ քաղաքապետը պարզապես գծատերերի պատվերն է կատարել:

Նշենք, որ Երեւանում արդեն մի քանի օր շարունակվում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Հուլիսի 20-ից Երեւանում ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար ուղեւորները նախկին 100-ի փոխարեն ստիպված են վճարել 150 դրամ, իսկ տրոլեյբուսի ուղեւորները 100 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն: