Խնդրագիրը, որը պահանջում է Россия 1 հեռուստաընկերության հանրային ներողությունը Պոդոսլկի ՃՏՊ-ի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանից, հավաքել է 12.5 հազար ստորագրություն հուլիսի 21-ի դրությամբ: Այս մասին հայտնում է Газета.ru-ն` հղում կատարելով change.org-ին:

Նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփանյանի կարծիքով Вести հաղորդման համար պատրաստված ռեպորտաժում պատմելով Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` հնչել են ոչ հարգալից արտահայտություններ КамАЗ-ի վարորդի նկատմամբ: Օլգա Սկաբեևայի խոսքերով Հայաստանի քաղաքացու կողմից ցուցմունքներից տալուց հրաժարվելը կապ չունի նրա առողջական վիճակի հետ և ուղղակիորեն խաբեություն է:

«Լրագրողը իրեն բացահայտ ագրեսիվ է պահել, ինչը անթույլատրելի է լրագրության էթիկայի մեջ, նա առանձնահատուկ կերպով շեշտել է Հարությունյանի ազգությունը` նրա անունը արտաբերելով հատուկ շեշտադրությամբ, այսինքն Հրրրրրրրրրաչյա Հրաչյաի փոխարեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այժմ ստորագրություններով խնդրագիրը փոխանցվելու է Россия 1 հեռուստաալիքին: