Մայրաքաղաքում ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակին իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումն այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները եւ թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել եւ ուղղակի առիթի են սպասում ուղեվարձն իջեցնելու համար։
Սակայն դրան խանգարող մեկ հանգամանք կա։ Ինչպես հայտնի է, Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի՝ 1000 խմ համար։ Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը եւ ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա189 դոլար եւ ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը՝ տարեկան մոտ 150 մլն դոլար, պարզվեց, որ կառավարությունն ակնկալում է ստանալ նույն Ռուսաստանից։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ, անհայտ է, անհայտ է նաեւ, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը...
Եվ ահա հենց Ռուսաստանից նախատեսված գումարը ստանալու հեռանկարի անորոշությունն է, որ ստիպում է հետաձգել ուղեվարձը էժանացնելու որոշումը։ Խնդիրն այն է, որ եթե սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը Ռուսաստանից ստանալ չհաջողվի, ապա գազի գինը ՀՀ սահմանի վրա պետք է հաշվարկվի արդեն 270 դրամով եւ այդ դեպքում ուղեվարձի բարձրացումը կդառնա շատ թե քիչ հիմնավորված...»,- գրում է «Հայկական ժամանակը» :