Կորոնավիրուսից մահացած 60-ամյա կնոջ մատից հանել են մատանին, դրամապանակից էլ` գումարը: Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Ավանի զինվորական հոսպիտալում, որտեղ նույնպես բուժում են կորոնավիրուսով վարակվածներին:

Կնոջ դուստրը` Աննան, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մայրը նույնիսկ խրոնիկ հիվանդություններ չի ունեցել, միայն մի փոքր ճնշման տատանում է եղել, սակայն հիվանդանոց տեղափոխելու 5-րդ օրը տեղափոխում են ռեանիմացիա, 8-րդ օրն էլ հայտնում են մոր մահվան մասին բոթը:


«Մամայիս մոտ հունիսի 26-ին հայտնաբերվում է կորոնավիրուս եւ նրան տեղափոխում են Ավանի ոստիկանական հոսպիտալ: Լավ էր առաջին երկու օրը, հետո ասեցին` արդեն սատուրացիան իջնում է: Ամսի 1-ին տեղափոխում են ռեանիմացիա, հետո չգիտեմ՝ ոնց է լինում, ասում են` ձեր մայրիկի մոտ կասկածում ենք սրտի իշեմիկ հիվանդություն: Բայց մինչ այդ ստուգել ենք սիրտը, իր մոտ ոչինչ չի եղել, բացի ճնշման մի փոքր տատանումից: 12 օր անցնում է, ու ասում են, որ ձեր մայրիկը մահացել է սրտի իշեմիկ հիվանդությունից»,- պատմեց նա:

Աննան պատմեց, որ իր ամուսինն է գնացել իրերը վերցնելու, եւ տվել են միայն հագուստը եւ հեռախոսը. «Մատանի է մայրս մատին ունեցել, մեզ էլ ասում են` մատին չի էլ եղել հիվանդանոց ընդունվելուց: Բայց եղբայրս որ գնում է ճանաչելու, խնդրում է ցույց տալ ձեռքը, հետքը լինում է մատանու, բայց մատանին չի լինում: Զանգում է ռեանիմացիա, տեղեկացնում է այդ մասին, իրեն պատասխանում են, թե մատանին մատին չի եկել, բայց իրենք ինչ գիտեն: Դրամապանակում էլ է գումար եղել, դա էլ չկա, դա ոչինչ, թող իրենց լինի, ուղղակի մատանին որպես վերջին հուշ մայրիկիցս»,- պատմեց Աննան՝ հավելելով, ոստիկանությունն արդեն քննություն է իրականացնում դեպքի հետ կապված:

Աննան նաեւ հիվանդանոցից պահանջել է այն դեղերի ցուցակը, որով բուժել են իր մորը, որպեսզի դատարան դիմեն, սակայն իրենց մերժել են:

«Ոչ մեկի հետ չենք կարողանում խոսել, ոչ մի բան չեն ասում, թե ինչ դեղորայք է մայրս ընդունել: Մեզ միշտ հանգստացրել են, ասել են` ամեն ինչ լավ է, բայց ի՞նչն էր լավ, որ զանգեցին ու ասացին, որ ձեր մայրը մահացել է: Ասենք կողքից խրոնիկ հիվանդություններ ունենար, հա, բայց մեր առողջ մորն ուղարկենք ու 10 օր հետո ասեն` եկեք, տարեք, ու մի հատ էլ սրբապղծություն անեն, վեջին հուշը հանեն մատից»,- ասաց նա: