Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն` ահազանգելով, որ համայնքի բնակիչների առողջությունը վտանգված է:
Պատճառը համայնքի հարևանությամբ գտնվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որի պոչամբարի արտանետած գոլորշու հետևանքով բնակիչները ձեռք են բերում թոքերի, սրտի, գլխի հետ կապված հիվանդություններ:
Այս կարծիքին է նաև համայնքի ղեկավար Սահակ Նազարյանը: Թերթը հիշեցնում է, որ նշված կոմբինատի սեփականատերը Սերոբ Տեր-պողոսյանն է:
Թերթը գյուղի բնակիչներից տեղեկացել է, որ պոչամբարը մետաղական հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոնների ամբար է: Ծանր մետաղները, ներթափանցելով հողի, ջրի մեջ, այնուհետև` մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ առաջացնում են քաղցկեղ, գենային մուտացիա, սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ:
Համայնքապետի փոխանցմամբ` բոլոր պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց դեռևս ոչ մի մասնագետ չի այցելել գյուղ, և համապատասխան ստուգումներ չեն անցկացվել:
Համայնքապետը դիմել է Ախթալայի ԼՀԿ-ի տնօրենին` խնդրելով ստուգումներ անցկացնել, սակայն տնօրենն ի պատասխան ասել է. «Ցույց տվեք, թե կոնկրետ ինչ վնաս է տալիս պոչամբարը գյուղացիներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի` 25.07.2013թ. համարում: