Մոսկվայում այս գիշերվա հայերը թիրախավորված հարձակումների են ենթարկվել ադրբեջանցիների կողմից։

Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ 5 հայ է տուժել, բացի այդ՝ ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները։


«Մոսկվայի ժամանակով 11-ից հետո կազմակերպված հարձակումներ են եղել մարդկանց վրա, մեքենաների վրա, մարզի մի քաղաքում ահագին մեքենաներ են ջարդել, բնակելի շենքերի բակերում, որտեղ գիշերը հայկական համարներով մեքենաներ են կանգնած եղել, առավոտյան պարզվել է, որ մեքենաները վնասված են»,- ասաց նա՝ նշելով, որ հարձակումները եղել են հիմնականում Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջաններում։

Ադրբեջանցիների հարձակումներից տուժածներից մեկը տարեց տղամարդ է, մյուսները՝ երիտասարդ, որոնցից մեկը դանակահարվել է որովայնի շրջանում, գտնվում է հիվանդանոցում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Մինչեւ այդ էլ՝ վերջին մեկ շաբաթում ադրբեջանցիների կողմից եւս հինգ հարձակում է եղել հայերի վրա։

«Դեսպանատան հավաքարարուհու վրա էին հարձակվել, մի դեպք եղել է հայ դուդուկահարի հետ Հարութ անունով, իր վրա են հարձակվել մետրոյում, մեկ ուսանողի վրա են հարձակվել, մեկ բանվորի վրա շինհրապարակում, մի դեպք էլ եղել է՝ ամուսիններով ման գալիս են եղել, մոտեցել, ծեծել են ամուսնուն»,- հայտնեց Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ գիշերվա ընթացքում ձերբակալություններ են եղել, նախնական տվյալով, որը հայտնել է ներքին գործերի նախարարությունը, 50 ադրբեջանցի է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ սահմանային վերջին լարվածությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հայկական ու ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր էին իրականացվում, որոնք ուղեկցվում են միջադեպերով ու բախումներով։ Վերջին բախումները տեղի են ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։