Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ ընդունելության կարգի փոփոխության հետևանքով մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհեր։ Նրանք պնդում են, որ տեղեկացված չեն եղել կարգի փոփոխության մասին, հակառակ դեպքում՝ հայտը լրացնելիս հաշվի կառնեին, որ անցողիկ է լինելու միայն առաջին հայտը։ Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։
Հայցադիմումներից մեկով հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 21-ին ընդունված կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 4-ին։ Նույն օրն այն մակագրվել է, իսկ օգոստոսի 7-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, կազմով դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, վարույթ է ընդունել հայցադիմումը։
Օգոստոսի 4-ին Վարչական դատարան էր մուտքագրվել երկրորդ հայցադիմումը, որով հայցվոր կողմը պահանջում էր հայցվորների նկատմամբ կառավարության 2012թ ապրիլի 26-ի որոշումը կիրառելուն պարտավորեցնել։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովմն միջոց կիրառելու մասին։ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի, մերժել է հայցադիմումի վարույթ ընդունելը։