«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում նա ավելի շատ հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին: Այսինքն, որպես այդպիսին քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդպիսի պասիվությունն իր պատճառներ ունի եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականի հայտնի դեպքերի ժամանակ:
Եվ հենց դա է պատճառը, որ նա արդեն սկսել է քաղաքականապես պասիվություն դրսեւորել՝ գործունեություն ծավալելով միայն սպորտի եւ տնտեսության բնագավառում: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է եւ այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է, Այդպիսի լուրերը բացի ժպիտից ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում