ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ «Օշականցի Գեւորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքեր իրականացնող Գ. Ի.-ի եւ վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած եւ ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին եւ անօրինական ազդեցությունն օգտագործելով եւ սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ եւ այլ առավելություն պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ եւ նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը:

Նկարագրված արարքը կատարելու համար Գ. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել եւս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած կամ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ: