Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային» կընդունի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կսկսվի ժամը 18:00-ին: Խաղը կանցկացվի առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Վիճակահանությունից առաջ հայկական ակումբի մյուս հավանական մրցակիցներն էին «Կոնաս-Կի Նոմադսը» (Ուելս), «Աստանան» (Ղազախստան), «Սիլեկսը» (Մակեդոնիա), Թբիլիսիի «Դինամոն» (Վրաստան), Պոդգորիցայի «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա) և «Դրիտան» (Կոսովո): Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:
Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: