ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից Մալաքյան եղբայրներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ազատ արձակվեցին։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել։
«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին. Ֆեդերացիային եւ մյուս անձանց, որոնք իրենց զորակցություն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորկացությունը հայտնել»,- ասացին նրանք։
Անդրադառնալով ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին՝ եղբայրները նշեցին. «Ինչը վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեր վրա է հետքերը, որի մասին կխոսենք հետո»։
Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։
Նշենք, որ ՁՊՎ-ի դիմաց մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ էին հավաքվել՝ դիմավորելու Մալաքյան եղբայրներին։ Այստեղ էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը, «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Դավիթ Մանոյանը, Արտակ Եդիգարյանը եւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: ՁՊՎ-ի դիմաց էր նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ այսօր քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մալաքյանների փաստաբանների հաղորդմամբ՝ խափանման միջոցի հարցով քննությունը դեռեւս չի ավարտվել։
Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։
Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:
Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: