«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 3-ին Մարտունու Արծվանիստ համայնքի պապական տանը, որի բակում նաեւ մատուռ կա, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փորձել է նշել ծննդյան 52-ամյակը։
Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին եւ ուղեւորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով եւ լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։
Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ եւ այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը։
Մեկն ասաց, որ հյուրերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաեւ եկեղեցու սպասավորը։ Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։
Արարողոււթյանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, գեներալի ազգական Սարոն։
Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել են, եւ նա տուն է գնացել։ Նրա օգնական Գեւորգ Ստեփանյանը մեզ հայտնեց, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։ Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են․ «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետեւ հյուրերն իսկապես շատ չեն եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում