«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, և առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ և վերադառնան բնականոն աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը դեռևս զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը համաձայնել է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու՝ պայմանով, որ հենց ինքն էլ պետք է հետագայում դառնա Սահմանադրական դատարանի նախագահ: Սակայն սա նրա պայմանավորվածությունն է իշխանությունների, այլ ոչ թե ՍԴ մյուս անդամների հետ: Եվ հենց այստեղ էլ թաքնված է ինտրիգը:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի մյուս անդամներն այնքան էլ կողմ չեն Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը և իրենց ծրագիրն են մշակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջև, և առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաև Արման Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։
Իսկ ո՞ր դեպքում նրանց ծրագիրը կարող է աշխատել: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն: ՍԴ-ն ունի 9 թեկնածու, և եթե, բացառությամբ նորընտիր անդամների, մյուսները կողմ քվեարկեն Դիլանյանին, ապա այս ծրագիրը կաշխատի: Նկատենք, որ այստեղ կողմ քվեարկելու հավանականությունը մի փոքր քիչ է միայն Աշոտ Խաչատրյանի պարագայում, եթե մինչև այդ նրան չհամոզեն: Եվ եթե նա ևս կողմ քվեարկի Արման Դիլանյանի օգտին, ապա այդ վեց ձայներն ապահովված են, իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, և այդ պարագայում ՍԴ նախագահ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն:
Հետաքրքիր է, որ Արման Դիլանյանին «դուխ են տվել» և վստահեցրել, թե ամեն ինչ կանեն, որ հենց ինքը դառնա ՍԴ նախագահ, ոչ թե Երվանդ Խունդկարյանը: Խունդկարյանը, սակայն, չի նահանջում և կշարունակի պայքարը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: