Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին: Վարչապետին ներկայացվել է, որ գործարանը հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:
1998 թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ» ՓԲԸ-ն 2008 թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013 թ. հունվարին: Այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում` օրական մինչև 40 տոննա արտադրական հզորությամբ: Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել արտադրանքի որակական հատկանիշները, ներդնել կառավարման ISO համակարգ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180: