«Շենգավիթ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 18–ին, առաջին երեխային լույս աշխարհ բերելիս 30–ամյա ծննդկան է մահացել։

Բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն`17.09.2020, ժամը 12:25-ին, 30-ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության համար: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:


«Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50 սմ հասակով»,–ասված է հաղորդագրության մեջ:


Այսօր արդեն, փոքրիկի դուրս գրման օրն է, հարսանիքի քավորը՝ Հովհաննես Հարությունյանը և մահացած ծննդկանի մի քանի հարազատներ եկել են աղջնակին տուն տանելու։ Տոնական այս օրը՝ ծննդկանի հարազատները լցված են զայրույթով ու ցավով, չկա իրենց աղջիկը․


«Մեր աղջկան այստեղ սպանեցին, քաջ գիտակցելով, որ հակաբյոտիկի ներարկումը նրա համար մահացու է։ Ակնկալում ենք արդար քննություն, բոլորս գիտենք Շենգավիթի կապերը։ Մեր խնդիրը ո՞րն է, ժողովուրդ, եթե մենք իմանայինք վատն է՝ չէինք բերի։


Ընտանիք է դժբախտացել, ասենք՝ լավ բժիշկա, անցնի գնա՞։ Եթե դու գիտես, որ ետ հակաբյոտիկի պատճառով մահից մի անգամ հազիվա պրծել, ո՞նց ես նույն դեղը ներարկում։ Մեկ օր առաջ թող կանչեր, պրոբա դներ, բա չէ՞ս մտածում, բա որ խնդիր առաջանա, ինչ ես անելու։ Զանգում հարցնում են, ինքը ալերգիա ունե՞ր։ Ինչա ստացվում, սրսկելա, կինը վատացելա, զանգում ենք՝ չի պատասխանում։ Երկու ժամ հետո բժշկին ենք զանգում, ասումա կինդ ալերգիա ունե՞ր։ 5-ի կողմերը մահացելա, երեկոյան նոր իմանում ենք։ Դիահերձման արդյունքը պարզ է, մահը վրա է հասել հակաբյոտիկի ներարկումից»,-լրագրողների հետ զույցում նշեց հարսանիքի քավորը։

Հարազատների պնդմամբ մինչև այսօր մահերը կոծկել են, բարեկամները ոչ հետևողական են եղել․


« Մենք լուսնից չենք իջել, դիպլոմատով փող ունեն, մահվան դեպքերը կոծկում են, մինչև հիմա այդ բժիշկները աշախատում են։ Ո՞վ է պատասխան տալու էս մահերի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում